«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը հոկտեմբերի 2-ին չի մասնակցել Վարդան Օսկանյանի անձեռնմխելիությունից զրկելու մասին ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի միջնորդության քվեարկությանը, քանի որ վստահ չէր, թե ԲՀԿ-ի բոլոր անդամները «դեմ» կքվեարկեին: Մեր տեղեկություններով ԲՀԿ-ն մտավախություն է ունեցել, որ խմբակցության որոշ անդամներ, այնուամենայնիվ, «կողմ» կքվեարկեն այնպես, ինչպես Հանրապետական խմբակցության 6 անդամները «դեմ» են քվեարկել:
Մինչդեռ ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը «Առաջին լրատվական»- հետ զրույցում ասել է, թե իրենք հույս ունեին, որ ՀՀԿ-ից շատերը չէին մասնակցի քվեարկությանը, ընդառաջ կգնային իրենց հորդորներին և քվեարկությունը կտապալվեր:
Բայց ինչո՞ւ էր ԲՀԿ-ն հույս փայփայում, որ ՀՀԿ պատգամավորները չէին մասնակցի քվեարկությանը, և այն կտապալվեր: Չէ՞ որ երբ ԲՀԿ-ն կոալիցիայում էր, այդպես չէր վարվում: Հիշեցնենք, որ Մարտի 1-2-ի իրադարձությունների հետ կապված՝ ԲՀԿ-ն ընդառաջ չգնաց ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության հորդորին և «կողմ» քվեարկեց 4 պատգամավորների`Հակոբ Հակոբյանին,Սասուն Միքայելյանին, Մյասնիկ Մալխասյանին և Խաչատուր Սուքիասյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությանը:
«Բայց ով գիտի, թե ԲՀԿ-ն ինչ կերպ է քվեարկել: Որևէ մեկը կարո՞ղ է մեկնաբանել, թե անանուն բյուլետենի վրա ով ինչպես է քվեարկել»,- պատասխանեց Տ. Ուրիխանյանը:
Հիշեցնենք, որ այս 4 պատգամավորների անձեռմխելիությունից զրկելու միջնորդությանը կողմ էին քվեարկել 84-86 պատգամավորներ:Այն ժամանակ ՀՀԿ-ն առանց ԲՀԿ-ի «օգնության» չէր կարող այդքան կողմ ապահովել:
Ավելացնենք, որ շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ ԲՀԿ խմբակցության որոշ պատգամավորներ ավելի շուտ հաշվետու են Սերժ Սարգսյանին, քան ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին. օրինակ՝ նախկին ՕԵԿ-ական Գրիգորի Մարգարյանը, որը մեծամասնական ընտրակարգով ընտրվել է Շենգավիթ համայնքում: Հիշեցնենք, որ այդ համայնքում նախընտրական հանդիպումների ժամանակ Ս. Սարգսյանն անձամբ է շենգավիթցիներին հորդորել ընտրել Գ. Մարգարյանին: Կարծիք կա նաև, որ նույն կերպ միանշանակ ԲՀԿ-ական չի կարելի համարել նաև Երևանում մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրված, ապարանցի Լյովա Խաչատրյանին: Վերջինս, եթե չունենար Ս. Սարգսյանի համաձայնությունը, իր համար անծանոթ համայնքում չէր կարողանա ընտրվել:
«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով, իշխանություններից վախեցած՝ Վ. Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությանը «կողմ» էին քվեարկելու նաև ԲՀԿ-ի այլ գործարար պատգամավորներ: Ահա թե ինչու է ԲՀԿ-ն որոշել բոյկոտել քվեարկությունը:





































