Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Քութայիսում ավարտվում է Վրաստանի խորհրդարանի նոր շենքի կառուցումը: Շինարարների խոսքերով՝ շենքն ամբողջովին պատրաստ կլինի մոտ երկու շաբաթ անց:
Ներկայումս շենք են բերվում կահույք և սարքավորումներ: Շենքին հարակից տարածքում կամուրջների կառուցումը նույնպես գտնվում է ավարտման փուլում: Այդ կամուրջները միմյանց են կապելու խորհրդարանն ու Կառավարության տունը:
Քութայիսում գտնվող Վրաստանի խորհրդարանի նոր շենքում առաջին նիստը պետք է տեղի ունենա հոկտեմբերի 20-ից ոչ ուշ, որը բացելու է նախագահ Միխեիլ Սաակաշվիլին:
Հիշեցնենք, որ «Վրացական երազանք» դաշինքի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին, որն ավելի վաղ քննադատել էր նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին՝ խորհրդարանը Թբիլիսիից Քութայիս տեղափոխելու համար, խորհրդարանական ընտրություններից հետո հայտարարել է, որ Վրաստանի խորհրդարանը դեռ կմնա Քութայիսում:








































