Պերուի նախկին նախագահ Ալբերտո Ֆուխիմորին, որը 25 տարի ժամկետով իր պատիժն է կրում բանտում կոռուպցիայի համար, բերանի խոռոչի քաղցկեղ ունի: Այս մասին հայտնել են նրան բուժող բժիշկները: Պերուի քաղցկեղային հիվանդությունների ազգային ինստիտուտի տվյալներով` Ֆուխիմորիի հիվանդությունը մոտ է քրոնիկական դառնալուն` հաճախ կրկնվող ռեցիդիվներով: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Ֆուխիմորին Պերուի նախագահ է եղել 1990-2000 թթ.: Ղեկավարման տարիներին նրան հաջողվել է ամբողջությամբ ոչնչացնել ձախ մաոիստական խմբավորումը`«Սենդերո Լումինոսոն» («Լուսավոր ճանապարհ»), որը երկար տարիներ երկիրը վախի մեջ է պահել: Խմբավորման առաջնորդ Աբիմաել Գուսմանը ցմահ ազատազրկման է դատապարտվել:
Ըստ տեղեկությունների ` ղեկավարման տարիներին Ֆուխիմորին ներքաշվել է կոռուպցիայի մեջ` յուրացնելով նվազագույնը 200 մլն դոլար:
Բժիշկների խոսքով` հիվանդությունը դեռևս չի մտել անշրջելի փուլ և չի կարող նրան բանտից վաղաժամ ազատելու հիմք դառնալ: Սեպտեմբերի վերջին նրան հոսպիտալացրել էին Լիմայի կլինիկաներից մեկը` բերանի խոռոչի լորձաթաղանթում ի հայտ եկած գոյացության վիրահատությունից հետո առաջացած բարդությունների պատճառով:
Գործող նախագահը առողջական խնդիրների պատճառով Ֆուխիմորիին ներում շնորհելու հնարավորությունը իր նախընտրական արշավի ընթացքում չի բացառել:










































