Մեխիկոյում՝ Պաշտպանության նախարարության բունկերում բացվել է 10 սրահ, որոնցում ներկայացված են թմրառևտրին և թմրառևտրով զբաղվողներին վերաբերող ցուցանմուշներ: Այս մասին հայտնում է La Stampa-ն:
«Օրեր առաջ Մեխիկոյում բացվել է թանգարան, որտեղ զբոսաշրջիկների մուտքն արգելված է: Պաշտպանության նախարարության բունկերի 10 սրահներ կարող են այցելել միայն զինվորականները, որոնք ամեն օր պայքար են մղում թմրակարտելների դեմ»,- գրում է հրատարակությունը:
«Միայն մի քանի լրագրողների է թույլատրվել այցելել այնտեղ: Նրանք լուսանկարներ են արել գաղտնի: Museo del Narco-ում ներկայացված են թալիսմաններ, ֆետիշներ, բջջային հեռախոսներ, զենք՝ ոսկով և թանկարժեք քարերով պատված: 302 քառակուսի մետր տարածքում ներկայացված են հնարքներ, որոնք նարկոբարոնները կիրառել են թմրանյութեր տեղափոխելիս: Նրանք թմրանյութը թաքցրել են շոկոլադի, կրկնատակ կոշիկների մեջ, մարիխուանային տվել պանրի գլխի տեսք»:
Ոսկով, 389 ադամանդներով, 22 զմրուխտներով և այլ թանկարժեք քարերով պատված ատրճանակը պատկանել է «Խուարես» թմրակարտելի հիմնադիրներից մեկին՝ Ամադո Կարիլիո Ֆուենտոսին, որը մահացել է 1997 թվականին՝ պլաստիկ վիրահատության ենթարկվելիս, երբ վիրաբույժը փորձել է նրա համար նոր դեմք ստեղծել: Հետաքրքիր են նաև զրահապատ մարզաշապիկները, նռնականետները և այլն:










































