Այսօր Կենդանիների համաշխարհային օրն է: 2008 թվից ի վեր Հայաստանը նշում է այս օրը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց «Փրո Փոուզ» կենդանիների բարեկեցության բարեգործական համագործակցության ներկայացուցիչ Նանե Արամյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանում պաշտպանված չեն թափառող կենդանիների իրավունքները, թեև ուրախությամբ նշեց, որ մեզանում այս տարվա սեպտեմբերին մեծ առաջընթաց է գրանցվել կենդանիների պաշտպանության ոլորտում:
Ըստ Նարե Արամյանի՝ Տարոն Մարգարյանը Երևանի վերջին չորս քաղաքապետերից միակն է, որ սկսել է ուշադրություն դարձնել կենդանիների խնդիրներին, քանի որ համաձայնել է համագործակցել իրենց հետ և կառավարությանը միջնորդագիր ներկայացնել:
«Մեծ քայլ է, քանի որ Հայաստանը հետխորհրդային երկրներից միակն է, որը չի միացել Կենդանիների պաշտպանության եվրոպական կոնվենցիային: Սա հիմքեր կստեղծի` հետագայում օրենսդրական բացերը լրացնելու»,- ուրախությամբ նշեց Նարե Արամյանը՝ հավելելով, թե ցանկացած իրավախախտում, ցանկացած աննորմալ իրավիճակ հովանավորվում է օլիգարխիկ տարրերի և պատկան մարմինների կողմից:
ՀՀ վաստակավոր արտիստուհի Լալա Մնացականյանն էլ իր հերթին նշեց` եթե մի երկրում մարդու հանդեպ են դաժան վարվում, ապա ինչ կարելի է ասել կենդանիների պաշտպանության մասին:
Նա ողջունելի համարեց Տարոն Մարգարյանի պատրաստակամությունը՝ կենդանասերների հետ համագործակցել կենդանիների պաշտպանության խնդիրների շուրջ, և անդրադառնալով Խոսրովի արգելոցում արձանագրված վայրագության փաստերին` վրդովված նշեց, թե չի կարողանում բառ գտնել այդ վայրագությունը բնորոշելու համար:
«Ինչպե՞ս կարելի է չբողոքել այդ վայրագության դեմ: Եթե մի երկրում փողոցում կարող են քացով խփել կատվին կամ շանը, ապա դա նշանակում է, որ նույնը կարելի է անել մարդկանց հետ: Ինչպե՞ս կարելի է բողոքի ալիք չբարձրացնել: Դա ցույց է տալիս մեր անհանդուրժողականությունը»,- ասաց Լ. Մնացականյանը:
Նարե Արամյանի խոսքով՝ անհնար է չխոսել այն ազգադավ քաղաքականության մասին, որ արվում է վայրի բնության հանդեպ. մեր արգելոցներում ու անտառներում տիրում է դավաճանական մթնոլորտ: «Հայաստանում վերջին տասը տարում ոչ ոք չի տուգանվել կամ պատժվել, չկա որևէ գործ, առավել ևս` դատական քննություն, որ հարուցված լինի կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար»,- խոսքը եզրափակեց Նարե Արամյանը:







































