Նախագահական ընտրությունների նախաշեմին Վարդան Օսկանյանի գործը բարձրացնելը պատահական չէ` առկա է քաղաքական ենթատեքստը. այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Քաղաքագետի խոսքով՝ մրցակցությունը բավական լուրջ է, և այն, ինչ կատարվում է, քաղաքական մրցակցության դրսևորում է:
«Խորհրդարանական ընտրությունների ժամանակ էլ ճնշում գործադրելու մեխանիզմները տարբեր էին, բայց այն ժամանակ ԲՀԿ-ին «կոտրել» չհաջողվեց: Իսկ թե այս անգամ գործադրված ճնշումներն ինչի կհանգեցնեն` դեռ պարզ չէ, բայց փաստն այն է, որ այդ ճնշումները բավականին լուրջ են»,- կարծում է Ա. Իսկանդարյանը:
Նա նաև չի բացառում, որ այս ճնշումներն ի վերջո կարող են զայրացնել ԲՀԿ լիդերներին: Այն, թե ինչպես կպահի իրեն ԲՀԿ-ն` կպայքարեն, թե ոչ` ժամանակը ցույց կտա: Մի բան պարզ է. Վ. Օսկանյանի ազատազրկումը ՀՀ ներքին կյանքում իսկական պայթյուն կառաջացնի:
«Այս պահին ԲՀԿ-ի և ՀՀԿ-ի միջև տեղի ունեցողը քաղաքական մրցակցություն է: Փորձ է արվում ճնշում գործադրել Գագիկ Ծառուկյանի վրա և «կոտրել» ԲՀԿ-ին, ինչն այս պահին դեռևս չի հաջողվում»,- նկատեց քաղաքագետը: Ըստ նրա՝ ՀՀ պատմության մեջ առաջին անգամ է, որ ընդդիմությունը խորհրդարանում տեղի ունեցած քվեարկության ժամանակ միասնական դիրքորոշմամբ հանդես եկավ:
Անդրադառնալով Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրություններին՝ քաղաքագետը դրանք համարեց շատ հետաքրքիր. «Վրաստանի խորհրդարանական ընտրություններում շատ ընտրակաշառքներ են բաժանվել: Դրանք բաժանվել են ամբողջ երկրի տարածքում և ոչ թե օլիգարխների գրպանից, այլ բյուջետային գումարներից, իսկ ահա Իվանիշվիլիին թույլ չեն տվել ընտրակաշառք բաժանել»:
Բանախոսի խոսքով՝ Վրաստանում գոյություն ունեն ուժեր, որոնք փորձում են ապակայունացնել Վրաստանի խորհրդարանական կյանքը, և նրանք այդ անելու բավական շատ մեխանիզմներ ունեն: Վերջում քաղաքագետն ավելացրեց, որ Վրաստանում շուտով կարելի է սպասել «կոմպրոմատային պատերազմ»-ի, ինչը կարող է սկիզբ դնել Սաակաշվիլիի հրաժարականի գործընթացին:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի









































