ԱՄՆ-ն մտադիր է ընդլայնել սիրիական ընդդիմության ոչ ռազմական օգնության ծավալները` Պակիստանում ահաբեկչության դեմ պայքարի ֆինանսավորման հիմնադրամի հաշվին: Այս մասին ասված է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի նամակում` ուղղված Կոնգրեսին: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
Սեպտեմբերին պետքարտուղարը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն մտադիր է հատկացնել հավելյալ 45 մլն դոլար սիրիացի ընդդիմադիրներին ոչ ռազմական օգնության համար: Իսկ հիմա, ինչպես երևում է նամակից, պետդեպարտամենտը մտադիր է այդ գումարն ավելացնել ևս 15 մլն դոլարով` գումարը վերցնելով Պակիստանում ահաբեկչության դեմ պայքարի հիմնադրամի ֆինանսավորման փաթեթից, որը ձևավորվում է ԱՄՆ-ի բյուջեի հաշվին:
ԱՄՆ-ն սիրիացի ընդդիմադիրներին և փախստականներին օգնելու համար արդեն 90 մլն դոլար է հատկացրել: Մարդասիրական օգնությունը փախստականներին ցուցաբերվում է միջազգային կազմակերպությունների միջոցով, իսկ ընդդիմության ոչ ռազմական օգնությունը ուղարկվում է Ստամբուլում սիրիացի ապստամբների ներկայացուցչության միջոցով: Սիրիական ընդդիմության ֆինանսավորման ընդլայնման թույլտվությունը պետք է տա ամերիկյան Կոնգրեսը:
«Միասնական և արդյունավետ քաղաքացիական առաջնորդությունը հանդիսանում է Սիրիայում բարեհաջող իշխանափոխության բանալին: Մինչ օրս տրամադրված ոչ ռազմական օգնությունը աջակցել է ընդդիմության կազմակերպվածության ու արդյունավետության ամրապնդմանը, ինչպես նաև ամրապնդել երկրի ներսում և սահմաններից դուրս նրանց կապը: Այն շրջաններում, որտեղ կատաղի մարտերը շարունակվում են, ընդդիմադիր խմբերը նախկինի պես արտակարգ օգնության կարիք ունեն: Նրանց անհրաժշտ են կապի միջոցներ, առաջին անհրաժեշտության ապրանքներ և վարչական գործառույթների ֆինանսավորում»,- ասված է պետքարտուղարի նամակում:
Քլինթոնը նշել է, որ ընդդիմադիր խմբավորումների մի մասը, այդ թվում` Հալեպի շրջանում և Սիրիայի հյուսիս-արևելքում, մինչ օրը ամերիկյան կողմից օգնություն չի ստացել:
«Մեր օգնությունը այդ խմբերին թույլ կտա ավելի լավ համակարգվել, ինֆորմացիա փոխանակել, ինչպես նաև ավելի արդյունավետ մասնակցել երկրում քաղաքական իշխանափոխության գործընթացին»,- նշվում է փաստաթղթում:








































