Երեկ ԱԺ-ում գեներալ Սեյրանի դուռը կիսաբաց էր: Դրսից երեում էր սենյակի գույքը: «Առավոտ»-ին մասնավորապես հետաքրքրում էր նրա սառնարանը: Հայտնի է, որ Սեյրան Սարոյանն ու գեներալ Մանվելը անբաժանելի ընկերներ են, ամենուր միասին են. միասին գալիս են ԱԺ, միասին էլ գնում: Եվ քանի որ գեներալ Մանվել Գրիգորյանի աշխատասենյակի սև սառնարանի շուրջ այդքան մեծ աղմուկ էր բարձրացել, «Առավոտ»-ը փորձեց ընդամենը համեմատելու համար լուսանկարել գեներալ Սեյրանի սառնարանը:
Այդ պահին վրա հասավ Սեյրան Սարոյանի պահապաններից մեկը և սկսեց գոռգոռալ, որ էթիկա չունենք, ուրիշի սենյակ է, ի՞նչ իրավանքով եք նկարում, փոխանակ մի հատ դուռը «տուկ-տուկ» տայիք, թույլտվութրւն վերցնեք` ոտնահարում եք էթիկայի ողջ կանոնները: Նա ճշտեց, թե լրագրողը որ լրատվամիջոցն է ներկայացնում, սկսեց բղավել, թե դուք գիտեք` միշտ ճիշտ եք, մարդու սենյակ եք գալիս, ո՞ւմ եք հարցրել, ի՞նչ իրավունք ունեք: Լրագրողը նրան բացատրեց, որ Աժ-ի սենյակը Սեյրան Սարոյանի սեփական տունը չէ, պետական հիմնարկ է:
Ավելի ուշ «Առավոտ»-ը լուսանկարեց Մանվել Գրիգորյան-Սեյրան Սարոյան երկյակին` ԱԺ-ից դուրս գալիս: Նրանք նստեցին 045 օօ 01 պետհամարանիշի «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան, որն առանց ԱՊՊԱ և առանց տեխզննման կտրոնի էր, և առանց ամրագոտիները կապելու` հեռացան:









































