ԲՀԿ ներկայացուցիչ, ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու առթիվ ԱԺ երեկվա քվեարկությունը ցույց տվեց, թե իրականում որքան «համախոհ» ունեն ԲՀԿ-ն ու Քոչարյանը ՀՀԿ 68 հոգանոց խմբակցությունում: Ըստ այդմ` դեմ քվեարկածները 6-ն էին, 1 քվեաթերթիկ էլ անվավեր համարվեց: Ընդամենը 7 պատգամավոր, որ չէին ենթարկվել ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի «ելույթի տոնայնությանը»: Մյուսները որսացել էին մեղեդին ու կողմ էին քվեարկել` փաստացի հանձնելով ԲՀԿ գործընկերոջը: Իրենց «սև գործն» անելուց հետո հանրապետականները դարձան ձկան պես լուռ. չէին պատասխանում հարցերին:
Մինչդեռ ԲՀԿ-ականները մինչ քվեարկությունը հույս ունեին, որ կամ քվորում չի ապահովվի, կամ գոնե կողմ բավարար ձայներ չեն լինի. ողջ քվեարկության ժամանակ հաշվում էին, ով է քվեարկում: Ավելին, «Առաջին լրատվական»-ի տեղեկություններով, որոշ ՀՀԿ-ականների հետ աշխատանքներ տարվել էին` մտերմիկ զրույցների տեսքով, բացի հաշվետվություններ բաժանելուց: «Էն հույսը, որ փայփայում էինք, թե կարող են մարդիկ իրենց կարծիքն իրոք սկզբունքորեն իրականացնել, այնուամենայնիվ չտեսանք»,- քվեարկությունից հետո մեզ հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը` շարունակելով. «Երեկ պարոն Օսկանյանն էլ, մեր խմբակցության անդամներն էլ ամփոփեցին այս ողջ գործընթացը, և բոլորի համար ակնհայտ էր, որ ոչ մի հիմք չկա»: Թե որն է լինելու ԲՀԿ հաջորդ քայլը` դեռ չեն բարձրաձայնում: Ի դեպ, Գագիկ Ծառուկյանը երեկ լքել էր հանրապետությունը:
Այսպիսով, ՀՀԿ-ԲՀԿ առճակատումը հասել է բավական հետաքրքիր հանգրվանի: ՀՀԿ քաղաքական մոնոպոլիան երեկ դրսևորվեց: Երեկվա քվեարկությամբ ՀՀԿ-ն ցույց տվեց, որ ի զորու է միայնակ, առանց ԲՀԿ-ի, ցանկացած որոշում անցկացնել: Եվ որ անգամ ԲՀԿ-ի ու մնացած երեք խմբակցությունների` «Ժառանգության», ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի համատեղ քայլերը կարող են արդյունք չտալ: Վարդան Օսկանյանն այլևս վերահսկելի է. ի վերջո երեկվա քվեարկությունը ցույց տվեց, որ հանրապետական իշխանությունը երբ ուզի, կարող է նաև կալանավորման որոշում կայացնել և ԱԺ-ում ընդունել տալ այդ որոշումը:
Թե ինչ է մնում անել ԲՀԿ-ին, երեկ լրագրողների հետ ճեպազրույցում կարելի է ասել` գծագրեց ՀՀԿ փոխնախագահ ու ԱԺ նախագահ, միևնույն ժամանակ Գագիկ Ծառուկյանի խնամի Հովիկ Աբրահամյանը. ըստ այդմ` ԲՀԿ-ին մնում է ընդունել ՀՀԿ խաղի կանոնը և սատարել Սերժ Սարգսյանին` համաձայնելով ՀՀԿ պայմաններին, միևնույն ժամանակ հրաժարվելով վարչապետի պաշտոնի հավակնություններից:
Հովիկ Աբրահամյանը երեկ լրագրողներին ասաց, որ ՀՀԿ-ԲՀԿ բանակցությունները շարունակվում են, ու իր ցանկությունն է, որ ԲՀԿ-ն Սերժ Սարգսյանին սատարի: Դիտարկմանը, թե իրեն չի՞ հաջողվում համոզել Ծառուկյանին, Աբրահամյանը հակադարձեց. «Ի՞նչ գիտեք»: Հովիկ Աբրահամյանը երեկ նաև ասաց, որ ՀՀԿ-ն վարչապետի պաշտոնը չի տա ԲՀԿ-ին: Իսկ ազգային համաձայնության կառավարության ձևավորման առթիվ դեռ վաղ է խոսել. «Կապրենք, կտեսնենք»: Հարցին, թե Օսկանյանի հետ կատարվածը բացասական չի՞ անդրադառնա ՀՀԿ-ԲՀԿ բանակցությունների վրա, ԱԺ նախագահը պատասխանեց. «Եթե մենք` իշխանություններս, Վարդան Օսկանյանին պարտադրում ենք շինծու բաներ, իրոք կազդի ԲՀԿ-ՀՀԿ հարաբերությունների վրա: Եթե ոչ, մենք որևէ բան չունենք խնդիր առաջադրելու, ինչի մասին է խոսքը: Եվ ես խնդրում եմ, դուք շատ մեծ ակնկալիքներ մի ունեցեք: Քննություն է, հազարավոր նման դեպքեր կան, ընթացքը ցույց կտա»: Երեկ լրագրողները հարցրին նաև, թե Վարդան Օսկանյանն այն խոշոր ձո՞ւկն էր, որի մասին խոսում էր Սերժ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը պատասխանեց. «Եթե իմ կարծիքն եք հարցնում` ոչ»: «Առաջին լրատվական»-ի հարցին, թե այդ դեպքում ո՞վ էր ԲՀԿ-ից խոշոր ձուկը, ավելի խոշոր ձուկ կա՞ ԲՀԿ-ում բռնելու, Աբրահամյանը հակադարձեց. «Ես չգիտեմ` ի՞նչ հարց եք տալիս, ի՞նչ խոշոր ձուկ ԲՀԿ-ում: Ի՞նչ իմանամ»:
Այսպիսով, ԲՀԿ-ին թերևս մնում է երկու ճանապարհ. կամ Ծառուկյանը կլսի խնամուն ու կսատարի Սերժ Սարգսյանին` հավետ մնալով ՀՀԿ ստվերում, կամ Վարդան Օսկանյանը կկանգնի նախագահական ընտրություններում ԲՀԿ թեկնածու Գագիկ Ծառուկյանի կողքին` որպես պոտենցիալ քաղբանտարկյալ և կսատարի նրա թեկնածությունը նախագահի ընտրություններում` իրական ընդդիմադիրի կեցվածք հաղորդելով ԲՀԿ-ին: Իսկ ընտրություններից հետո ԲՀԿ-ն կպահանջի իր մասնաբաժինը իշխանության ներսում: Խնդիրն այն է, սակայն, որ ԲՀԿ-ում գրեթե ոչ ոք ի վիճակի չէ ընդդիմադիրի բեռը կրել:










































