«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն այսօր բոյկոտել է Ազգային ժողովի նիստերը: Ինչպես նախօրեին հայտարարել էր ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու մասին ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի միջնորդության քննարկումից հետո իրենք լքելու են դահլիճը:
Այսօր ՀՀ Կենտրոնական բանկի և 2011թ. բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ արդեն նրանք ներկա չէին: Վաղը հավանաբար այդ նախագծերը կդրվեն քվեարկության: Հայտնի է, որ ԲՀԿ-ն անընդհատ քննադատում է կառավարության տնտեսական գործունեությունը, և Վ. Օսկանյանի հետ կապված բոյկոտը բավականին հարմար առիթ է այդ հաշվետվությունների քննարկումներին ու քվեարկություններին չմասնակցելու համար:
Ի դեպ, առաջիկայում քննարկվելու է արդեն 2013թ. բյուջեի նախագիծը, և ԲՀԿ բոյկոտը կարող է լավ առիթ լինել նաև այդ քննարկումներից խուսափելու և բյուջեի ընդունումը տապալելու փորձ անելու համար: ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հիշեցրեց Ն. Զոհրաբյանի հայտարարությունը, թե` «հաջորդ նիստերի հետ կապված լրացուցիչ կտեղեկացնենք»:










































