РБК-ի փոխանցմամբ՝ Վրաստանի գործող օրենսդրությամբ, նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին լիազորված է խորհրդարանական ընտրություններից հետո ձևավորել նոր կառավարություն, սակայն նա այդ իրավունքը զիջել է խորհրդարանական նոր մեծամասնությանը՝ «Վրացական երազանքին»: Այս մասին այսօր հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Դավիթ Բաքրաձեն.
«Նոր խորհրդարանը չի հաստատի ներկայիս վարչապետ Վանո Մերաբիշվիլիի կառավարությունը, և դրան կհաջորդի քաղաքական ճգնաժամը՝ արտահերթ ընտրությունների նշանակմամբ: Սահմանադրությունը տալիս է այդպիսի հնարավորություն, սակայն մենք դա չենք անի, քանի որ հարգում ենք վրաց ժողովրդի ընտրությունը, վրացական պետությունն ու վրացական ժողովրդավարությունը»:
Նշվում է, որ Բիձինա Իվանիշվիլին այսօր ձեռնամուխ է եղել նոր կառավարության ձևավորմանը: Այդ նպատակով «Վրացական երազանք» դաշինքի գլխավոր գրասենյակում ժամը 11.00-ին սկսվել է Իվանիշվիլիի ու նրա համակիրների հանդիպումը, որն անցնում է դռնփակ պայմաններում:









































