Երեքշաբթի Պերուի մայրաքաղաքում ավարտվել է «Հարավային Ամերիկա- Արաբական երկրներ» երրորդ գագաթնաժողովը: Արդյունքում ստորագրվել է Լիմայի հռչակագիրը, որում Արաբական պետությունների լիգան և Հարավամերիկյան ազգերի միությունն աջակցություն են հայտենում Պաղեստինի անկախությանը:
Փաստաթղթում նշվում է, որ կողմերն աջակցություն են հայտնում պաղեստինցի ժողովրդի իրավունքներին, նրա անկախությանը և ինքնիշխանությանը, ինչպես նաև կոչ են անում Մերձավոր Արևելքի բոլոր երկրներն ապրել խաղաղ՝ նշված և բոլորի կողմից հարգված սահմաններում:
Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, հռչակագրում խոսվում է նաև այն մասին, որ անընդունելի են միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության ցանկացած խախտում:
70 կետից բաղկացած հռչակագրում շոշափվում են նաև երկու տարածաշրջանների համագործակցությանը վերաբերող հարցեր կրթության, առողջապահության, էներգետիկայի, առևտրի, զբոսաշրջության և ներդրումների ոլորտներում:









































