Իրանական İSNA լրատվական գորածակալության փոխանցմամբ՝ Իրանի պաշտպանության նախարար Ահմադ Վահիդին այցելել է Իրաք: Նշվում է, որ վերջին ավելի քան 30 տարիների ընթացքում սա առաջին դեպքն է, որ Իրանի պաշտպանության նախարարն այցելի Իրաք:
Իրաքյան այցի շրջանակներում Վահիդին հանդիպելու է իր իրաքցի գործընկեր Սադուն Ալ-Դուլեյնիի և այլ պաշտոնատար անձանց հետ: Այդ հանդիպումներում քննարկվելու է ռազմական ոլորտում երկկողմանի համագործակցության հարցը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային մի շարք հարցեր:
Իրաք մեկնելուց առաջ Վահիդին լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ Իրանը շահագրգռված է հարևան երկրների հետ հարաբերությունների զարգացմամբ՝ ընդգծելով, որ Իրաքը հատուկ տեղ է զբաղեցնում Իրանի պաշտպանական ու արտաքին քաղաքականության մեջ:
Հիշեցնենք, որ սրանից առաջ իրաքյան կողմը հայտարարել էր, թե այսուհետ ստուգման է ենթարկելու իր օդային տարածքով Իրանից Սիրիա թռչող ինքնաթիռները, քանի որ ԱՄՆ-ը մտահոգված է, որ դրանցով Իրանը ռազմական օգնություն է ցուցաբերում Սիրիայի կառավարությանը:










































