Սիրիայում իրավիճակը կարող է զարգանալ երկու սցենարով,- հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Այստեղ ամեն ինչ պարզ է: Եթե այն հավաստիացումները, թե այժմ առաջնային խնդիրը մարդկանց կյանքերը փրկելն է, անկեղծ են, ապա պետք է իրականացնել այն, ինչ պայմանավորվել ենք հունիսի վերջին Ժնևում: Այսինքն՝ ստիպել բոլորին դադարեցնել կրակը և նստել բանակցությունների սեղանի շուրջ: Եթե իրականում առաջնային խնդիրը Բաշար Ալ-Ասադի և նրա վարչակարգի տապալումն է, ապա մենք ոչնչով օգնել չենք կարող: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դրանով չի զբաղվում»,- մեկնաբանել է Լավրովը «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում:
Նրա խոսքերով՝ «ընտրությունը շատ պարզ է , սակայն, իհարկե, սարսափելի»: «Գործընկերներիս հետ իմ զրույցներում ես զգում եմ՝ նրանք հասկանում են այս երկու սցենարներին այլընտրանքի բացակայությունը, սակայն առայժմ պատրաստ չեն դեմ գնալ իրենց: Դա ցավալի է»,- ասել է նա:






































