ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իսպանալեզու ընտրողների շրջանում գերազանցում է իր մրցակից, հանրապետական Միթ Ռոմնիին: Ընդ որում, լատինաամերիկացիների մեծ մասը կարծում են, որ տնտեսության խնդիրներն ավելի կարևոր են, քան միգրացիոն օրենսդրությունը: Այս մասին հաղորդում է CNN-ը:
Եթե Օբամային աջակցում է հարցմանը մասնակցած լատինաամերիկացիների 70 տոկոսը, ապա Ռոմնիին՝ միայն 26 տոկոսը: Եվս 3 տոկոսը դեռ չի կողմնորոշվել, 1 տոկոսը աջակցում է այլ թեկնածուների:
2008 թ. Օբամային աջակցեց լատինաամերիկացիների 67 տոկոսը:
Հարցման համաձայն՝ դրա մասնակիցների 44 տոկոսը տնտեսությունը համարում են առաջանահերթ խնդիր կառավարության և նախագահի թեկնածուների համար: Նշենք, որ հենց տնտեսական հարցերի շուրջ է կառուցված Միթ Ռոմնիի քարոզարշավը: Ընդ որում, իսպանալեզու ընտրողների 68 տոկոսը ենթադրում է, որ Օբաման ավելի հաջողությամբ կհաղթահարի տնտեսական դժվարությունները:
Ընդհանուր առմամբ, նախագահական ընտրություններին կարող է քվեարկել 23.7 մլն լատինաամերիկացի: Սակայն 2008 թ. նրանց 50 տոկոսը չներկայացավ ընտրական տեղամասեր:
Հեռախոսային հարցումն անցկացվել է 2012 թ. սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում ORC International ընկերության կողմից: Դրան մասնակցել է լատինաամերիկյան ծագմամբ 601 չափահաս ընտրող:








































