Ադրբեջանական Day.Az-ի փոխանցմամբ՝ Բաքվի ու Մոսկվայի միջև որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի (ՌՏԿ) վարձակալության պայմանագրի երկարաձգման շուրջ: Այս մասին հայտնել է Day.Az-ի տեղեկատվական աղբյուրը:
Վերջինիս պնդմամբ՝ պաշտոնական Բաքուն բազմիցս իր տեսակետն է հայտնել այդ կապակցությամբ՝ տարեկան վարձավճարի չափը 7 միլիոն դոլարից հասցնելով մինչև 300 միլիոն դոլարի, ինչը բավական հիմնավորված է և համապատասխանում է այսօրվա իրողություններին: Աղբյուրը հավելել է, որ դեռ որևէ պայմանավորվածության գալ չի հաջողվել՝ ընդգծելով, որ ռուսական ԶԼՄ-ներն ապատեղեկատվություն են տարածում այդ խնդրի շուրջ:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ռուսական РИА Новости գործակալությունը հայտնել էր, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը ներկայիս պայմաններով 2-3 տարով կերկարաձգեն Գաբալայի ՌՏԿ-ի վարձակալության պայմանագիրը:









































