Հոկտեմբերի 14-ի «Էրեբունի-Երևան» տոնակատարության միջոցառումներին ընդառաջ աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է կազմակերպել մայրաքաղաքի տոնական տեսքի արտաքին ձևավորման և լուսավորման համապատասխան աշխատանքները: Զեկուցվել է, որ սահմանված ժամանակացույցով շարունակվում են տոնակատարության միջոցառումների կազմակերպման աշխատանքները:
Արտաքին կապերի վարչության պետը զեկուցել է, որ այս տարի «Էրեբունի-Երևան» տոնակատարությունների շրջանակում Երևան կայցելեն աննախադեպ թվով օտարերկրյա պատվիրակություններ: Այդ օրերին Երևանը կհյուրընկալի շուրջ 13 երկրների ավելի քան 100 պատվիրակների, այդ թվում մի շարք քաղաքապետերի:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ տոնակատարություններին ընադառաջ քաղաքապետը հանձնարարել է շաբաթ օրը՝ հոկտեմբերի 7-ին, կազմակերպել համաքաղաքային շաբաթօրյակ:
«Կոչ եմ անում, որ մայրաքաղաքում գործունեություն ծավալող բոլոր կազմակերպությունները, մասնավոր ու պետական հիմնարկները և քաղաքապետարանի ենթակայության կառույցները, ինչպես նաև մեր բնակիչներն ակտիվորեն մասնակցեն շաբաթօրյակին: Քաղաքապետարանը կհոգա ու կապահովի նաև անհրաժեշտ պարագաներով»,-նշել է Տարոն Մարգարյանը:










































