Այս շաբաթ ԱԺ-ն կառավարությունից կստանա 2013 թ. պետբյուջեի նախագիծը, որն անցած հինգշաբթի ընդունվեց կառավարության նիստում: ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը «Առաջին լրատվական»-ին հայտնեց, որ հոկտեմբերի 2-3-ին նոր բյուջեի նախագիծը ստանալուց հետո կկազմվի ժամանակացույց և կսկսվի դրա քննարկումը: Գ.Մինասյանը հրաժարվեց այժմ պաշտոնապես որևէ կարծիք հայտնել 2013 թ. պետբյուջեի նախագծի վերաբերյալ, որքան էլ տեղյակ լինի, քանի որ այն ըստ ընթացակարգի դեռ չի ներկայացվել պատգամավորներին:
Նախնական գնահատականներ տալուց հրաժարվեց նաև ԲՀԿ պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը: Թե ինչ դիրքորոշում կունենա «այլընտրանքային» ուժ ԲՀԿ-ն նորաթուխ բյուջեի առումով, Մ. Մելքումյանը նույնպես չբացահայտեց. «Մենք մեր դիրքորոշումը ունենք, բայց չեմ ասի: Օրենքով մինչև անցած տարվա բյուջեի կատարողականը չընդունենք, հաջորդ տարվանին չենք անցնում»:
ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը 2013-ի բյուջեի նախագծին ծանոթացել էր այնքանով, որքանով կառավարության նիստում հրապարկվել էին դրա հիմնական ցուցանիշները. ծախսային մասը` 1 տրլն 183 մլրդ դրամ, եկամտային մասը` 1 տրլն 59 մլրդ 100 մլն դրամ, դեֆիցիտը` 124 մլրդ դրամ: Կառավարությունը հույս ունի գալիք տարում ապահովել 6 % տնտեսական աճ, իսկ 12-ամսյա գնաճը կանխատեսվում է 4±1.5 %:
Հ.Բագրատյանը մեզ հետ զրույցում նշեց, որ դեռ վաղ է խոսել 2013թ. բյուջեից, քանի որ պետք է այն լավ ուսումնասիրել, պարզել՝ արդյոք փոփոխված եկամտահարկը հաշվի է առնվել, հաշվել գնաճը, սղաճը, դեռ պետք է 2012-2013 թթ. բյուջեները համեմատելի դարձնել, հետո խոսել՝ օրգանական աճ կա, թե ոչ:
«Ժառանգություն» և ՀՅԴ խմբակցությունների տեսակետները լսել չհաջողվեց. մեր հեռախոսազանգերն անպատասխան մնացին:
Բնական է, որ բյուջեի այս նախնական տարբերակը դեռ կփոփոխվի: Կառավարությունը, որքան էլ առերևույթ չի ընդունում ընդդիմադիր գործիչների կարծիքները, այնուամենայնիվ որոշ ձևախեղված փոփոխություններ անում է: Ամեն դեպքում այսօր կառավարությունը հպարտությամբ ներկայացնում է, որ եկամուտներն առաջին անգամ կգերազանցեն 1 տրլն դրամի սահմանը: 2012 թ. բյուջեով եկամուտները նախատեսված են 910 մլրդ դրամ: Այսինքն՝ եկամուտները ավելանալու են մոտ 122 մլրդ դրամով: Սրա իրագործումն, ըստ ամենայնի, Աժ-ում կրկին բուռն քննարկումների առիթ կհանդիսանա, ինչպես նախորդ տարի իրարամերժ կարծիքների պատճառ էր դարձել 2012 թ. պետբյուջեով եկամուտների 101 մլրդ ավելացումը: Հիշենք, որ դրա իրագործելիությունը կասկածի տակ էր դրել նաև ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը: ՊԵԿ-ն անուղղակի ձևով ակնարկում էր, որ եթե իրեն թույլ չտրվի օրինական դաշտ բերել օլիգարխներին, այսինքն ազատորեն կրճատել ստվերային տնտեսությունը, հարկային մուտքերի նման ծավալով ավելացումը կասկածելի է: Հետաքրքիր է, թե ինչ դիրքորոշում կբռնի ՊԵԿ-ն այս անգամ: Գուցե, եթե լավ հաշվարկ արվի, ապա կպարզվի, որ բյուջեի մուտքերն «իրենք իրենց» էլ կապահովվեն՝ որոշ չափով տնտեսական աճի ու գնաճի շնորհիվ: Իսկ սպասվող գնաճի պարագայում բյուջեով նախատեսվող նվազագույն աշխատավարձի բարձրացումը 2.5 հզ. դրամով ուղղակի ծիծաղելի է:
2013-ին ծախսերի գծով ավելացումը, 2012-ի համեմատ, կառավարությունը նախատեսում է 110 մլրդ դրամով, իսկ դեֆիցիտի կրճատումը 12.8 մլրդ-ով: Այս ամենի հետ մեկտեղ 2013-ին մեզ դժվար տարի է սպասվում՝ հաշվի առնելով համաշխարհային տնտեսությունից եկող սպառնալիքները, ընդհանուր համաշխարհային տնտեսության աճի միտումների կանխատեսումների նվազումները, ի վերջո, ՀՀ արտաքին պարտքի սպասարկման առումով դժվարին փուլի սկիզբը:
Այս բյուջեն առավել ևս հպարտանալու տեղ չի թողնում և «զարգացման բյուջե» անվանելն անչափ դժվար կլինի, եթե համեմատենք մեր հարևան երկրների՝ Վրաստանի ու Ադրբեջանի բյուջեների հետ: Այս տարի Վրաստանի բյուջեն մոտ 5.075 մլրդ դոլար է նախատեսված, իսկ Ադրբեջանինը՝ 20.4 մլրդ դոլար, այն դեպքում, երբ ՀՀ 2012-ի բյուջեն դոլարով արտահայտած չի հասնում 3 մլրդ-ի:
Մեր հաևանները Հայաստանից առաջ են նաև հարկեր/ՀՆԱ հարաբերակցությամբ. ՀՀ-ում այն 16.3% է (պաշտոնապես գրեթե 17% առանց սոցվճարների), Վրաստանում՝ 24.9%, Ռուսաստանում (ոչ նավթային)՝ 22.1%, Թուրքիայում՝ 23.5% և այլն:
Ստացվում է, որ ինչպես էլ «պտտես», տարածաշրջանային մրցավազքում ետ ենք մնում:








































