Երևանի քաղաքապետարանը քաղաքի տարբեր հատվածներում՝ նստարաններին, նպատակ է դրել մեր մեծերի արձանները տեղադրել: Նպատակներից երկուսը՝ Մհեր Մկրտչյանի և Եղիշե Չարենցի արձանները, իրականություն են դարձել, Պարույր Սևակի, Արմեն Տիգրանյանի և ևս վեց մեծերի արձաններն էլ առաջիկայում իրականություն կդառնան, բայց դրանց ճակատագիրը նույնքան անորոշ է, որքան Մհեր Մկրտչյանի և Եղիշե Չարենցի արձանների ճակատագրերը:
Մի կողմ դնենք արձանների ոչ պրոֆեսիոնալ լուծումները, սակայն կատարվածը միանշանակ որպես վանդալիզմ բնորոշելը սխալ է, քանի որ հնարավոր է Ֆրունզին անզգույշ հպվելիս պոկել արձանից ևս մի հատված, քանի որ արձանների նյութը բացառապես կավ է, քաղաքապետարանn ինը արձանների վրա ծախսել է ընդամենը մեկ բրոզնե արձանի գումար: Քաղաքապետարանից փորձեցինք իմանալ պրոյեկտին հատկացված գումարի չափը, սակայն այդպես էլ պատասխան չստացանք: Առաջիկայում արձանների տարածքը կվերահսկվի տեսախցիկներով, ինչը հազիվ թե իրավիճակին լուծում տա, ի վերջո շատերը գրկում են սիրված դերասանին, նստում գիրկը, նկարվում, իսկ ամեն մի շարժում Ֆրունզիկի արձանի յուրաքանչյուր մաս վտանգի տակ կդնի, նախ արձանի մատները պոկեցին, իսկ նախորդ գիշեր էլ ձեռքի տակառը «գողանալու» փորձ արեցին: Քանդակագործ Լևոն Թոքմաջյանը չի թաքցնում, որ նախաձեռնության հեղինակներից մեկն ինքն է եղել, սակայն այն իր նպատակին չծառայեց այնպես, ինչպես եվրոպական շատ քաղաքներում: Նման նախաձեռնությունները, ըստ նրա, միշտ սիրվում են, եթե լավ են իրականացվում, մինչդեռ Ֆրունզիկն ու Չարենցը չսիրվեցին, քանի որ քանդակները բնականից փոքր են, իսկ օրինակ` կողքի նստած կենդանի մարդը` ավելի մեծ, ինչը հուշում է, որ քանդակը ոչ պրոֆեսիոնալ է արված, իսկ նյութը՝ արհեստական, որն էլ անշուքություն է հաղորդում քանդակներին:
Արձանների հեղինակը քանդակագործ Սուրեն Մելքոնյանն է, որը մինչ այս քանդակները քանդակել է Պռոշյանի կոնյակի գործարանի ճակատային մասը՝ թե՛ կոմպոզիցիոն գծագրական ստեղծագործական կողմը, թե՛ քարի վրայի աշխատանքը, ինչպես նաև Կիևյան փողոցի վրա կինտոյի արձանը: Նա հակված է մտածելու, որ տեղի ունեցածը պատահականություն է, որովհետև առաջին հայացքից ոչ ոք չի կարող պատկերացնել, որ արձանները կավից են և հնարավոր է կոտրվեն: Նրա խոսքով, հավանաբար կեսկատակ-կեսլուրջ տակառը փորձել են Ֆրունզի ձեռքից վերցնել, իսկ այն պոկվել է, թեև իրականում քարի պես ամուր է: Ըստ նրա՝ քարն էլ, եթե բարակ տաշված լինի, իրեն հնարավոր է կոտրել, միայն մետաղի դեպքում չեն կարողանա կոտրել: Իսկ Ֆրունզի արձանի մատներն էլ պոկվել են, քանի որ փորձել են մատների արանքի խցանը հանել և չեն պատկերացրել, որ այն ոչ թե բրոնզաձույլ է, այլ բրոնզապատ: Քանդակագործը հակված չէ մտածել, որ միտումնավոր են արել: Սուրեն Մելքոնյանի դիտարկմամբ, այս արձանները հուշարձան չեն, շփվում են մարդու հետ, եթե ինքը հուշարձան քանդակելիս լիներ, նախ չէր դնի աթոռների վրա, պարզապես այս արձանները մարդկանց հնարավորություն են տալիս շփվելու իրենց իմացած հերոսների, մեծերի, հանճարների հետ:
Քաղաքապետարանի այս նախագիծը, ըստ նրա, լավն է, բայց քանի որ հասարակությունը տեղեկացված չէ արձանի նյութի մասին, անզգուշության արդյունքում հնարավոր է վնասի: Մարդկանց պետք է տեղեկացնել, որ սա մետաղ չէ, սա կոտրվելու հավանականություն ունի, մի քաշքշեք, մի պոկեք: Բացի այդ, քանդակագործը նշեց, որ այս հանճարների հուշարձանները շատ վաղուց ունենք, բայց ամբողջ խնդիրն այն է, որ նրանց հետ ոչ ոք չի մտնում շփման մեջ, չեն գնում փաթաթվում: Իսկ այս պրոյեկտը հնարավորություն է ընձեռում նրանց կողքին լինել, կիսվել մտքերով: «Կարող է տարածության մեջ այն փոքր թվա, բայց գնացեք նստեք նրա կողքը, ռեալ մարդաչափ է, մենք չենք նսեմացնում մարդկանց: Տյուսոն, երբ մարդկանց չափերով է արձանները սարքում, մի՞թե նսեմացնում է, սա պրոյեկտ է, ինձ համար կարևոր է ժողովուրդը ընդունի, վերջիվերջո դա ժողովրդի համար է արվում, սա հինգ հարյուր տարվա համար չենք անում: Եթե ժողովուրդը սիրեց, այն շարունակական կլինի, եթե ոչ՝ ուրեմն ոչ, և եթե մարդիկ հասկանան պրոյեկտի նպատակը, գուցե իրենց տեսանկյունը փոխեն»,- ասաց քանդակագործը:
Իսկ Չարենցի արձանին այս պահին «բանասող չի եղել», քանի որ, ըստ քանդակագործի, այն կենտրոնական տեղ չի դրված, ավելի ապահով է, «Երևան» հյուրանոցի մուտքի մոտ է, որտեղ միշտ շվեյցար է կանգնած:
Քանդակագործ ընկերների, հանրության դժգոհությունները, քննադատությունները չի լսել հեղինակը, քանի որ, իր բնորոշմամբ, առավոտյան յոթից մինչև երեկոյան 11-ը զբաղված է աշխատանքով:
Իր համար քանդակագործը Հայաստանում ռեալիզացվելու դաշտ միշտ էլ գտնում է: «Ես էլ շատ առաջարկություններ եմ ստացել դուրս գնալու, պատվերներ կատարելու, բայց ես չեմ ուզում գնալ, սա իմ հողն ու ջուրն է, լավ կլինի` այստեղ եմ, վատ կլինի` դարձյալ այստեղ կմնամ»,- ասաց Հայաստանի ապագայի և ներկայի հանդեպ լավատեսորեն տրամադրված քանդակագործը:
Այնուամենայնիվ, որքան էլ հեղինակը մեծ սեր է դրել արձանները կյանքի կոչելիս (համենայնդեպս, մեզ հետ զրույցում նա այդպես ասաց), միևնույն է, արձանները խեղճ են, ո՛չ Մհերն է Ֆրունզիկ, ոչ էլ Չարենցը խենթ, խելառ ու հեղափոխական:
Լուսանկարը՝ emedia.am-ի








































