Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը «բացարձակապես անհանգստացած չէ Իսրայելի հնարավոր ռազմական գործողությունից»: Այս մասին իսլամական հանրապետության նախագահը հայտարարել է CNN-ի հետ հարցազրույցում:
Ահմանդինեժադը Իսրայելի հնարավոր ռազմական գործողությունը համեմատել է մահապարտ ահաբեկիչների վարքի հետ: «Արդյոք Իրանին հնարավո՞ր է ոչնչացնել: Իհարկե ոչ: Մենք սիոնիստական ռեժիմին վերաբերվում ենք որպես ահաբեկիչների հանցավոր իշխանության: Եթե նույնիսկ նրանք ինչ-որ բան անեն, ես այդ մասին ասում եմ տեսականորեն, դա մեզ վրա լուրջ ազդեցություն չի ունենա»,- ասել է իրանցի առաջնորդը:
Նախագահի խոսքով` սիոնիստական ռեժիմը Մերձավոր Արևելքում պատմական արմատներ չունի: «Նրանցից շատերն արդեն եղել են Իրանում: Դա արդյոք նշանակու՞մ է, որ Իրանը նրանց է պատկանում: Իրանը պատկանում է իրանցի ամբողջ ժողովրդին, որում ընդգրկված են մուսուլմանները, հրեաներն ու քրիստոնյաները»,- ասել է Ահմադինեժադն ու ավելացրել, որ սիոնիստները ոչ մի կապ չունեն հրեա ժողովրդի հետ:
«Երբ մենք ասում ենք, որ Օբամայի սպառնալիքները մեզ համար ոչ մի նշանակություն չունեն, նկատի ունենք, որ այդ սպառնալիքները մեր քաղաքականության վրա ոչ մի ազդեցություն չեն ունենա»:
Ավելի վաղ, ամերիկացի դիվանագետները հայտարարել էին, որ Ահմադինեժադը ՄԱԿ-ի Գլավոր ասամբլեայի ամբիոնը կօգտագործի պարանոիդ տեսություն տարածելու և Իսրայելի հասցեին վիրավորանքներ հնչեցնելու համար: Դա տեղի չունեցավ: Իրանական միջուկային թեմայով Ահմադինեժադը խոսել է միայն լրագրողների հետ շփման ժամանակ, իսկ ամբիոնից ասել միայն, որ Իրանը դեռ պատրաստ է երկխոսության և ԱՄՆ-ի հետ միջուկային հարցի շուրջ տարաձայնությունների կարգավորման:
«Մենք երբևէ խնդիր չենք ունեցել ամերիկացի ժողովրդի հետ»,-ասել է Ահմադինեժադը:










































