Աշխարհում տարեկան գրանցվում է հղիության արհեստական ընդհատման 4 միլիոն դեպք:
Վերջին տասը տարվա ընթացքում Հայաստանում զգալիորեն կրճատվել են հղիության արհեստական ընդհատման դեպքերը:
Ըստ ԱՎԾ-ի տվյալների՝ վերջին երեք տարիների ընթացքում հղիությունների 63 տոկոսն ավարտվել է ծննդաբերությամբ, իսկ 29-ը` հղիության ընդհատմամբ: 2005 թվականին հղիությունների 45 տոկոսն էր ավարտվում աբորտով: Մեկ երեխա ունեցող կանանց 17 տոկոսը երբեք չի դիմել աբորտի: Այնինչ երկու և ավելի երեխա ունեցող կանանց կեսից ավելին կատարել է աբորտ:
Ինչպես նշում է հոգեբան Ռուբեն Պողոսյանը, հղիության արհեստական ընդհատումը մեծ սթրես է ցանկացած կնոջ համար. «Եթե կինը հոգեպես նախապատրաստված չէ և ընդհատում է հղիությունը, ապա դա կարող սթրեսի լուրջ պատճառ դառնալ: Կինը պետք է հստակ իմանա, թե ինչու է դիմում այդ քայլին: Կարևոր է նաև, որ այդ պատճառը հիմնավոր լինի»:
Հոգեբանի տեղեկացմամբ՝ կան հոգեբանական խորհրդատվության կենտրոններ, որոնց կարող է դիմել կինը` մինչ նման քայլ կատարելը. «Կոնսուլտացիաներ են նախատեսված նաև ապագա մայրերի համար, քանի որ ծննդաբերությունը ևս լուրջ սթրես է կնոջ համար»:








































