«Վրաստանում իրավիճակը գնալով ավելի է սրվում: Կոմպրոմատների պատերազմ է սկսվել»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Բազմազգ Վրաստան» քաղաքացիական շարժման ղեկավար Առնոլդ Ստեփանյանը:
Ըստ նրա՝ եթե իշխանությունները կամքի մեծ ուժ ունենան, ապա հնարավոր է, որ ընտրությունները առանց կեղծիքի անցնեն. «Քաղաքական առումով Եվրոպան և ԱՄՆ-ը ավելի մեծ ուշադրություն են դարձնում այս ընտրություններին: Հույս ունենք, որ այս անգամ ավելի ժողովրդավար ընտրություններ կունենանք: Պարզապես ստեղծված իրավիճակը գնալով կոտրում է այդ հույսը»:
Ստեփանյանի խոսքերով՝ եթե «Վրացական երազանքը» չունենա ձայների 1.3-ը ԱԺ-ում, ապա դա կազդի հետընտրական գործընթացների վրա. «Ըստ միջազգային կազմակերպությունների վերլուծության՝ իշխանական թևի վարկանիշը նվազել է երկու անգամ: Եթե մեկ ամիս առաջ կարող էինք ասել, որ կոմպրոմատների վարկանիշը 50-50 է, ապա Գլդանի բանտում տեղի ունեցած դեպքից հետո իշխանական թևի վարկանիշը նվազել է երկու անգամ»:
Առնոլդ Ստեփանյանի կարծիքով՝ իշխանությունների համար շատ դժվար կլինի առանց կեղծիքի հաղթել այս ընտրություններում, քանի որ ժողովրդին ծրագրերը այդքան էլ չեն հետաքրքրում, նրանք ավելի շատ էմոցիայով են առաջնորդվում, քան գաղափարներով. «Գյուղերում և շրջաններում, որտեղ միայն իշխանական ալիքներն են կարողանում նայել, իշխանության վարկանիշն ավելի բարձր է»:
«Այս ընտրություններում իշխանությունները լուրջ մրցակից ունեն, որը և՛ ֆինանսապես է շատ ուժեղ, և՛ շատ լավ է աշխատել ժողովրդի աջակցությունը ունենալու համար»,- հավելեց նա:











































