Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը հանդես է եկել սուր քննադատությամբ Պաղեստինի վարչակարգի ղեկավար Մահմուդ Աբասի հասցեին, որին իսրայելցի փոխվարչապետը անվանել է գլխավոր խոչընդոտ պաղեստինա-իսրայելական բանակցությունների համար:
Լիբերմանն ընդգծել է, որ քանի դեռ Աբասը գտնվում է իշխանության ղեկին, ոչ մի շանս չկա բանակցությունների վերսկսման ու կոնֆլիկտի լուծման համար:
Նա Աբասին մեղադրել է Իսրայելի դեմ ոտնձգությունների մեջ՝ հիշեցնելով, որ Պաղեստինի ազգային վարչակարգի ղեկավարը պաղեստինցիների բոլոր մեղքերում մեղադրում է հրեական պետությանը՝ իր անմիջական պարտականությունները պատշաճ կերպով կատարելու փոխարեն:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստից հետո մի շարք պետությունների ԱԳՆ ղեկավարների հետ հանդիպմանը Լիբերմանը հայտարարել է, որ միջազգային հանրությունը պետք է նպաստի, որ Աբասը հեռանա իշխանությունից, եթե ցանկանում է պաղեստինա-իսրայելական հարաբերությունների առաջընթաց:
Ինչպես հաղորդում է NEWSru.co.il-ը, նա հանդիպել է Ֆրանսիայի, ՌԴ-ի, Հունաստանի, Եթովպիայի ու Հարավային Սուդանի ԱԳՆ ղեկավարների հետ:










































