Սիրիական ճգնաժամը արդեն շարունակվում է 19 ամիս: Անկարգությունները, որոնք Արևմտյան երկրների և նրանց դաշնակիցների կարծիքով՝ պետք է ստիպեին Սիրիայի նախագահ Բաշար Ասադին կիսել Հոսնի Մուբարաքի ճակատագիրը, այժմ վերածվել են մեծ խնդրի այս երկրների համար:
Սիրիայում կենտրոնական կառավարությունը շարունակում է պահպանել իր իշխանությունը, սակայն միջազգային հարաբերությունները տարածաշրջանում հիմնովին փոխվել են: Թուրքիայի պահանջները Ասադին հրաժարականի ուղարկելու վերաբերյալ շրջվել են իր իսկ դեմ: Ռուսաստանը հետևողականորեն շարունակելով Սիրիայի ուղղությամբ իր քաղաքականությունը` Թուրքիային փակուղու մեջ է դրել: Մի կողմից՝ Անկարային ճնշում են հակասությունները սիրիական նախագահի հետ, մյուս կողմից՝ վերսկսվել է կենտրոնական իշխանության և քրդերի հակամարտությունը: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր բարկությունն է հայտնել Սիրիայում Մոսկվայի վարած քաղաքականության հանդեպ և Կրեմլի ղեկավարությանը մեղադրել է կեղծավորության մեջ:
Ստամբուլի և Կրեմլի այս հակասությունների պարզաբանման և սիրիական ճգնաժամի ազդեցությունը ռուս-թուրքական ճգնաժամի վրա թեմայով հարցազրույց է տվել Մերձավոր Արևելքի փորձագետ, պրոֆեսոր Բահրամ Ամիր-Ահմադիյանը:
– Թուրքիայի վարչապետը Ռուսաստանին մեղադրել է կեղծավորության մեջ: Ինչո՞ւմ է կայանում երկու երկրների տարաձայնությունը:
– Սիրիական ճգնաժամը անդրադարձել է Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունների վրա այնպես, ինչպես իրանա-թուրքական հարաբերություններում: Սակայն այստեղ պետք է հաշվի առնել, որ Իրանն ու Ռուսաստանը այնպիսի իրավիճակում չեն, ինչպիսին Թուրքիան: Թուրքիայի անվտանգությունը ուղիղ կերպով կախված է Սիրիայից, որի հետ նա ընդհանուր սահման ունի: Իհարկե, Սիրիայում Ռուսաստանի և Թուրքիայի շահերը արմատապես տարբեր են: Մոսկվան ռազմաստրատեգիական պայմանագիր ունի Դամասկոսի հետ, ուստի բնական է, որ ցանկանում է այնտեղ պահպանել իր դիրքերը և շահագրգռված է Ասադի ռեժիմի պահպանմամբ, այդ պատճառով եթե ինչ-որ փոփոխություն տեղի ունենա, ուրեմն ռուս-սիրիական հարաբերությունները ինչ-որ փոփոխություն են կրել: Ընդ որում` հայտնի է, որ Տարտուսը Ռուսաստանի միակ ռազմաբազան է, որը գտնվում է իր սահմանների ներսում:
– Թուրքական քաղաքական գործիչները ընդգծում են, որ Մոսկվան հայտարարելով Սիրիայում դրական նորագոյացությունների աջակցության մասին՝ վճռականորեն չի գործում: Ինչպե՞ս է Թուրքիան հասկանում Սիրիայում կատարվող բարեփոխումները և ինչո՞վ է նրա մեկնաբանությունը առանձնանում դրա վերաբերյալ Ռուսաստանի և Իրանի դիրքորոշումից»:
– Հիմա շատ են խոսում Բաշար Ասադի հրաժարականի մասին, սակայն սխալմամբ ամեն ինչ կապում են Սիրիայի նախագահի անձի հետ: Յուրաքանչյուր երկրում գոյություն ունի իշխող քաղաքական համակարգ: Ներկա դրությամբ հարցն այն է, թե արդյոք կփոխվի՞ իրավիճակը Ասադի հեռանալուց հետո: Անհրաժեշտ է հասկանալ նաև, թե ինչի՞ն է դիմակայում Թուրքիան` սիրիական համակարգի՞ն, թե՞ կոնկրետ այդ երկրի նախագահին: Ընդ որում` Իրանն ընդգծում է, որ Սիրիայում Ասադի ռեժիմին այլընտրանք չկա: Եթե Բաշար Ասադը մնա իշխանության ղեկին, խնդիրը չի լուծվի, բայց եթե այս ռեժիմը վերջնականապես տապալվի և իշխանության գլխին կանգնեն սուննիները` իրավիճակը ավելի կբարդանա:
– Ռուսաստանն ու Թուրքիան մինչ այդ տնտեսական սերտ համագործակցության մեջ էին: Ինչպե՞ս են անդրադառնում դրա վրա երկու երկրների քաղաքական տարաձայնությունները:
– Թուրքիան խոշոր ներդրումներ է կատարում ռուսական տնտեսության մեջ, հատկապես երկրի հարավարևմտյան շրջաններում, այսինքն` Հյուսիսային Կովկասում: Հատկապես ուժեղ են թուրքական դիրքերը Ռուսաստանի ծառայությունների շուկայում: Մյուս կողմից՝ զրկված լինելով սեփական էներգետիկ ռեսուրսներից, Թուրքիան ձգտում է օգտագործել իր աշխարհաքաղաքական դիրքը և էներգիա ստանալ Միջին Ասիայից, Կասպյան շրջանից և Իրանից ու այն ուղղորդել եվրոպական երկրներ` դրանով խաղալով էներգետիկ կամուրջի դեր Եվրոպայի և Ասիայի համար: Նման հեռանկարը ձեռնտու չէ Ռուսաստանին, որը վախենում է, որ 90 մլն բնակչություն ունեցող Թուրքիան մոտ ապագայում իր համար ուժեղ մրցակից կդառնա տարածաշրջանային մակարդակով: Ռուսաստանը ներքին մեծաթիվ խնդիրներ ունի, կարիք ունի նաև արևմտյան տեխնոլոգիաների և հիմնարար բարեփոխումների, սակայն Թուրքիայում իրավիճակն ավելի նպաստավոր է: ՄԱԿ-ի ԱԽ-ում Ռուսաստանի կողմից Սիրիայի հարցում վետոյի օգտագործումը ավելի է սրել ռուս-թուրքական տարաձայնությունները, այդ պատճառով ապագայում երկու երկրների միջև լարվածությունը գնալով ավելի կաճի:






































