Սիրիայի Հալեպ քաղաքում երեկ կեսօրին և գիշերը ևս շարունակվել են թեժ բախումները երկրի իշխանության և ընդդիմության միջև: Սակայն հայաբնակ թաղամասերում դեռևս հանգիստ է, այս թաղամասերում բախումներ չեն ծավալվում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Բերիո Հայոց թեմի առաջնորդարանի բանբեր Ժիրայր Ռայիսյանը:
Նա մանրամասնեց, որ կացությունը գոնե այս մի քանի ժամերի ընթացքում հանդարտ է: «Գիշերը պայթյուններ, կրակոցներ կային, ուղղությունը չեմ կարող ասել, բայց ամբողջ քաղաքով մեկ էին: Երեկ կեսօրին և երեկոյան բախումներ են տեղի ունեցել, պայթյունները, կրակոցները ամբողջ քաղաքում լսվում էին հրետանիների միջամտությամբ, սակայն ուղղությունը դժվար էր որոշել»,- ասաց Ժիրայր Ռայիսյանը՝ շարունակելով, որ հայաբնակ թաղամասերում առայժմ խաղաղ է:
Հիշեցնենք, որ վերջին օրերին Հալեպում սիրիական իշխանական բանակը բնակիչներին տեղեկացնում է, որ ամեն ինչ ավարտված է, իրադրության տերն իշխանությունն է:







































