Грузия Online-ի փոխանցմամբ`22 անձից բաղկացած ԵԽԽՎ պատվիրակությունն այսօր ժամանել է Վրաստան: Լուկա Վոլոնտեի գլխավորած պատվիրակությունը հետևելու է հոկտեմբերի 1-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ընթացքին:
Այս մասին նշված է ԵԽԽՎ-ի տարածած հայտարարության մեջ: Դրանում ասվում է նաև, որ Վրաստանի խորհրդարանական ընտրությունների ընթացքին հետևելու են ԵԱՀԿ ԽՎ, Եվրախորհրդարանի, ՆԱՏՕ-ի ԽՎ և ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ի դիտորդները:
Հոկտեմբերի 1-ին կայանալիք քվեարկության ընթացքին հետևելու նպատակով ողջ Վրաստանով ցրվելուց առաջ ԵԽԽՎ պատվիրակությունը պլանավորել է հանդիպումներ անցկացնել ընտրություններին մասնակցող քաղաքական միավորումների ներկայացուցիչների, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահի, ընտրողների ցուցակի ստուգման հանձնաժողովի ղեկավարի, պետական աուդիտի ծառայության ղեկավարի, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ու մամուլի ներկայացուցիչների հետ:
ԵԽԽՎ պատվիրակության վրացական այցն ավարտվելու է հոկտեմբերի 2-ին: Պատվիրակությունը Թբիլիսի էր ժամանել նաև սեպտեմբերի 11-12-ին`Վրաստանում նախընտրական շրջանին հետևելու համար: Վրաստանի ԿԸՀ-ի տվյալներով` սեպտեմբերի 25-ի դրությամբ խորհրդարանական ընտրությունների համար որպես դիտորդ գրանցվել է 61 միջազգային դիտորդական կազմակերպություն:







































