Այսօր մեկնարկել է Հայաստանի գործատուների հանրապետական միության նախաձեռնած «Կանաչ տնտեսություն» խորագրով առաջին կոնֆերանսը, որի գլխավոր աջակիցն է Orange Արմենիա ընկերությունը:
Կոնֆերանսի ընթացքում պետական վարչական կառուցների, վերլուծական մի շարք կենտրոնների և շահագրգիռ քաղաքացիական և հասարակական կազմակերպությունների կողմից կներկայացվեն Հայաստանի տարբեր հաստատություններում կանաչ տնտեսության վարման սկզբունքների և չափանիշների համեմատական մակարդակը, այսօր առկա հիմնախնդիրները և այս ոլորտում առաջարկվող նոր մոտեցումները:
Հայաստանում առաջին անգամ կազմակերպվող կոնֆերանսի ընթացքում կներկայացվի Գործատուների համաշխարհային կազմակերպության, Աշխատանքի միջազգային կազմակերպության ռազմավարության սկզբունքները, եվրոպական երկրներում կիրառվող առաջադեմ մոդելները, Հայաստանում տեղայնացման փորձն ու օրինակները, այդ թվում` «Լավագույն փորձը «Օրանժ Արմենիա» ընկերության օրինակով» զեկույցով հանդես կգա Orange-ի ներկայացուցիչը:
«Գիտակցելով «կանաչ» տնտեսության կարևորությունը Հայաստանի և ողջ աշխարհի համար` մենք խրախուսում ենք էկոլոգիական աշխատաոճը մեր ամենօրյա կյանքում` սահմանելով էներգիայի, ջրի, վառելիքի սպառման չափանիշեր, կրթելով մեր աշխատակիցներին, իրականացնելով թղթի վերամշակում: Սակայն Orange-ն այս միջոցառման գլխավոր գործընկերն է ոչ միայն նշված պատճառներով, այլ նաև որովհետև կարծում ենք, որ մեր ջանքերն անօգուտ կլինեն, եթե չխրախուսենք էկո-պատասխանատու կեցվածքը երկրում առհասարակ, չկիսվենք մեր փորձով և չմիավորենք մեր ջանքերը այլոց հետ, ովքեր ունեն նույն համոզմունքները: Հուսով ենք, որ այս կոնֆերանսը օգտակար կլինի այդ առումով», ասաց Orange Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:
Կոնֆերանսը նաև կամփոփի “Դեպի կանաչ տնտեսություն” մրցույթի արդյունքները, որը Հայաստանի գործատուների հանրապետական միությունը կազմակերպում և անցկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության, ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի և Աշխատանքի միջազգային կազմակերպության հետ համագործակցությամբ:
Միջոցառմանը ֆինանսական աջակցություն է ցուցաբերել նաև ՄԱԿ-ի երևանյան գրասենյակը, հիմնական գործընկերներն են ՀՀ բնապահպանության նախարարությունը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը և ՀՀ արհմիությունների կոնֆեդերացիան:









































