1947թ. այս օրը Երևանում վախճանվեց աշուղ Ջիվանու որդին՝ ԽՍՀՄ գրողների միության անդամ (1934-ից), Գեղարվեստի ակադեմիայի շրջանավարտ, «Գեղարվեստ» հանդեսի հիմնադիր ու հրատարակիչ, պրոֆեսոր Գարեգին Լևոնյանը (ծածկանունները` Գ.Լ., Գոշ, Գրասեր, Լ., Ճռինչ, Մեֆիստոֆել, Շավարշ, Վաղինակ,):
Ծնվել է 1872թ. նոյեմբերի 6-ին Ալեքսանդրապոլում (այժմ` Գյումրի), սովորել է տեղի Ս. Փրկչի չորեքդասյան դպրոցում: 1897-ին ավարտել է Պետերբուրգի արվեստների ակադեմիան: 1902-1906թթ. գեղարվեստի պատմություն և նկարչություն է դասավանդել Էջմիածնի Գևորգյան ճեմարանում: 1906-ին սովորել է Լայպցիգում: Թիֆլիսում հիմնադրել և խմբագրել է «Գեղարվեստ» հանդեսը (1908-1922թթ.):
Այստեղ նա բացել է նկարչական դասընթացներ և դպրոցների համար պատրաստել նկարչության ուսուցիչներ, կազմել և հրատարակել դասագրքեր («Հայկական վայելչագրություն և գեղագրություն», Թիֆլիս, 1908, «Գծագրություն և նկարչություն», Թիֆլիս, 1909): 1910-1911թթ. դասավանդել է Ներսիսյան դպրոցում, խորհրդային իշխանության տարիներին` Երևանի բարձրագույն ուսումնական հաստատություններում:
Հայաստանում նրան առաջինն է շնորհվել արվեստի վաստակավոր գործչի կոչումը (1932):







































