Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի և «Սիվիլիթաս» հիմնադրամի գլխին կուտակված սև-մութ ամպերը չեն ցրվում: Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ինչպես և սպասվում էր, երեկ Ազգային ժողով ներկայացրեց միջնորդագիր՝ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանին Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու համաձայնություն տալու մասին:
Գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը հայտնել է, որ խոսքը գնում է Օսկանյանին միայն որպես մեղադրյալ ներգրավելու մասին, խափանման միջոցի հարց չի բարձրացվում: Սակայն մյուս կողից չկա որևէ երաշխիք, որ Օսկանյանի որպես մեղադրյալ ներգրավելուց հետո չի բարձրացվի նաև նրան կալանավորելու հարցը:
ԲՀԿ-ական պատգամավոր և «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր Վարդան Օսկանյանի կողմից առանձնապես խոշոր չափերի հարկային չարաշահումների մասով ԱԱԾ-ն քրեական գործ էր հարուցել այս տարվա մայիսի 25-ին: Քրգործը մասնավորապես հարուցվել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու (փողերի լվացում) դեպքով: Այս քրգործը հարուցելու որոշումը մերժելու պահանջով և՛ Վարդան Օսկանյանը, և՛ «Սիվիլիթաս» հիմնադրամը դիմել են դատական ատյաններին, սակայն դատարանները մեկը մյուսի հետևից մերժում են այդ հայցերը: Երեկ Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց «Սիվիլիթաս» հիմնադրամի դեմ ԱԱԾ կողմից քրեական գործ հարուցելու որոշումը վերացնելու պահանջը: «Սիվիլիթասի» փաստաբան Արթուր Գրիգորյանը հայտարարեց, որ պատրաստվում է դիմել Վճռաբեկ դատարան:
Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու և կալանավորելու սցենարը, թերևս, չի բացառվում, եթե հաշվի առնենք, որ նրա ղեկավարած «Սիվիլիթասը» ԱԱԾ-ի և հարկային մարմինների ուշադրության կենտրոնում հայտնվեց հենց այն փուլում, երբ նախկին արտգործնախարարը սկսեց սուր քննադատությունների ենթարկել իշխանությունների վարած քաղաքականությունը:
Դատախազի միջնորդությունը Վարդան Օսկանյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը «քաղաքական հետապնդում» է անվանում: «Այն ինֆորմացիան, որին ես եմ տիրապետում, բավարար է, որ հայտարարեմ՝ սա պարզապես քաղաքական հետապնդում է և ուրիշ ոչինչ: Իրավաբանություն այստեղ չկա»,- երեկ «Առաջին լրատվական»-ին ասաց Տիգրան Աթանեսյանը: Նա նշեց, որ Օսկանյանի բողոքը սեպտեմբերի 12-ին արդեն ներկայացրել է Վճռաբեկ դատարան, մինչ այդ մյուս ատյանները մերժել էին այն: Ըստ փաստաբանի՝ բողոքի մերժման հիմքեր չկային, բայց մերժեցին: Իսկ դատարանների հիմնավորումն էլ փաստաբանը «անորոշ բառակույտ» անվանեց: «Վարդան Օսկանյանի բողոքում երկու հիմնական փաստարկ է նշված, որ փողերի լվացման հանցակազմը գոյություն ունենալ չի կարող, իսկ քրեական գործը հարուցված է միայն այդ հոդվածով: Երկրորդ փաստարկն այն է, որ քննչական բաժնի պետի տեղակալը պարզապես լիազորություն չունի քրեական գործ հարուցելու, բայց հարուցել է: Օրենքով նման լիազորություն իրեն տրված չէ»,- ասաց փաստաբանը: Տիգրան Աթանեսյանը նշեց, որ իրենք որևէ անդրադարձ չեն կատարում քրեական գործին, «որովհետև գործի էությանն անդրադառնալը կնշանակի համաձայն ենք քրեական գործ հարուցելու որոշման հետ: Առայժմ անդրադառնում ենք կոպիտ խախտումներին»: Փաստաբանը նշեց՝ քանի որ հետապնդման իրավական հիմքեր չկան, ուրեմն կարելի է արձանագրել, որ տեղի ունեցողը քաղաքական հետապնդում է: «Մեր դատարաններն ավելի շուտ կարդարացնեն Թալեաթ փաշային, քան թե արդար դատական ակտ կկայացնեն՝ մանավանդ ԱԱԾ դեմ»,- ընդգծեց Աթանեսյանը:
ԲՀԿ-ն երեկ երեկոյան զերծ մնաց կատարվածի վերաբերյալ որևէ պաշտոնական մեկնաբանություն տալուց: Կուսակցության մամուլի քարտուղար Տիգրան Ուրիխանյանը «Ժամանակին» ասաց, որ կուսակցությունն այսօր նիստ է գումարելու, որից հետո միայն կտան իրենց պաշտոնական գնահատականը: Հարցին, թե կուսակցությունը Օսկանյանի հետ տեղի ունեցող իրադարձությունները դիտարկո՞ւմ է որպես քաղաքական ճնշում, Ուրիխանյանը այդպես էլ հստակ պատասխան չտվեց:
Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ այս իրադարձությունները չեն կարող քաղաքական ենթատեքստ չունենալ, քանի որ Վարդան Օսկանյանը հրապարակային գործիչ է՝ ի տարբերություն ԲՀԿ բազմաթիվ այլ անդամների: «Բայց թե որքանո՞վ է ընդգծված այդ ենթատեքստը, ի՞նչ ուղղությամբ է գնում, փորձ է արվում ճնշո՞ւմ գործադրել, թե՞ հակառակը` դեռ տեսանելի չէ: Նաև եղել են ենթադրություններ, որ փորձ է արվում տառապյալի լուսապսակ դնել Օսկանյանի գլխին»,- նշեց Հմայակ Հովհաննիսյանը: Քաղաքագետը հիշեցրեց, որ ամիսներ առաջ ԲՀԿ ղեկավարը հայտարարեց, որ կհրավիրի բանիմաց իրավաբանների՝ պարզելու գործի հանգամանքները և այն, թե որքանով է հիմնավոր այդ մեղադրանքը: «Հիմա հրավիրե՞լ է այդ իրավաբաններին: Իրավաբանները ամիսներ ունեին՝ դա պարզելու և ներկայացնելու հասարակությանը: Պարզե՞լ են, դե թող ներկայացնեն»,- նշեց նա: Այն հարցադրմանը, թե հնարավոր է, որ Օսկանյանին քավության նոխազ դարձնելով՝ իշխանությունները փորձեն նախընտրական շրջանում ճնշում գործադրել ԲՀԿ և մասնավորապես վերջերս որոշակի ակտիվություն ցուցաբերող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վրա, Հմայակ Հովհաննիսյանը պատասխանեց, որ այսօր արդեն պարզ երևում է՝ ԲՀԿ հավանական թեկնածուն չի պատրաստվում լինել Ռոբերտ Քոչարյանը: «ԲՀԿ-ն այսօր լուրջ ապրումների մեջ է հենց այդ առիթով, որովհետև, եթե Քոչարյանը չի առաջադրվում, ապա ստիպված է լինելու առաջադրվել Գագիկ Ծառուկյանը: Վերջին շրջանում պարզ դարձավ, որ Օսկանյանի առաջադրման հարցը օրակարգից հանվեց: Չեմ կարծում, որ Օսկանյանին ճնշելու միջոցով խոչընդոտեն Քոչարյանի առաջադրման հնարավորությունը այն իրավիճակում, երբ այդ հարցը կարծես թե օրակարգում հայտնվելու միտումներ չունի»,- նշեց Հմայակ Հովհաննիսյանը:
Քաղաքագետ Մանվել Սարգսյանը «Առաջին լրատվական»-ին ասաց, թե դժվար է ժխտել, որ այս գործում քաղաքական ենթատեքստ կա: ԲՀԿ-Քոչարյան թևի վրա հնարավոր ճնշումների վերաբերյալ հարցին էլ քաղաքագետը նշեց. «Ես դեռ չգիտեմ, թե ինչքանով է ճիշտ ԲՀԿ-Քոչարյան թևը, ոչ ոք չի հայտարարել և չի ընդունել, որ նման թև կա»: Մանվել Սարգսյանը հիշեցրեց՝ բազմիցս ԲՀԿ ներկայացուցիչները հայտարարել են, որ իշխող կուսակցության հետ իրենց համագործակցության ձևերը կընտրեն՝ ելնելով նրանից, թե ընդունվում են իրենց պահանջները, թե ոչ: «Դա նշանակում է, որ տարբեր կողմերից շարունակվում են բանակցությունները, կամ էլ ուղղակի ներկայացված են ինչ-որ պահանջներ այդ կուսակցության կողմից: Պարզ է նաև մի բան, որ Սերժ Սարգսյանի համար կարող է գոյություն ունենալ մի ուրիշ խնդիր՝ նախագահական ընտրություններում ԲՀԿ-ն կպաշտպանի՞ իրեն, թե՞ ոչ: Ուժի մեջ են նաև այն տեսակետները, որ ԲՀԿ-ն փորձում է իր համար շահավետ բաներ պոկել այս հարաբերություններից»,- նշեց քաղաքագետը:










































