Գազայի հատվածում տեղակայված ՀԱՄԱՍ խմբավորումը հաղորդել է, որ դադարեցնում է իսպանական «Բարսելոնայի» խաղերի հեռարձակումը` ի նշան բողոքի այն բանի դեմ, որ ֆուտբոլային ակումբը, որպես պատվավոր հյուր, իր խաղին հրավիրել է կապրալ Գիլադ Շալիթին: Իսրայելցի այդ զինվորը 5 տարի գերության մեջ է եղել ՀԱՄԱՍ-ի մոտ և ազատվել` ավելի քան 1000 պաղեստինցի ահաբեկիչների հետ փոխանակման արդյունքում: Այս մասին հաղորդում է Rosbalt.ru-ն:
Խաղը, որին կմասնակցի Շալիթը, կկայանա հոկտեմբերի 7-ին: «Բարսելոնան» կխաղա իր ավանդական մրցակից` Մադրիդի «Ռեալի» հետ: Խաղի արդյունքների մասին պաղեստինցիները չեն կարող իմանալ նաև մամուլից, քանի որ խմբավորման հրահանգով ակումբի մասին գրելը կարգելվի:
«Բարսելոնան»-ի նման քայլը իսլամիստները ընկալել են որպես դավաճանություն և ակումբից պահանջել կասեցնել որոշումը` սպառնալով դիմել միջազգային կազմակերպություններին: Ակումբի փոխտնօրեն Կառլոս Վիլառուբին հայտարարել է, որ հրավերը քաղաքական դիրքորոշում չի արտահայտում, հետևաբար` չի կասեցվի:







































