Սիրիայի Հալեպ քաղաքում գործող խռովարարները հինգշաբթի հայտարարել են, որ Հալեպում հարձակման են անցել կառավարական զորքերի դեմ, հայտնում են արևմտյան ԶԼՄ-ները:
«Արդեն այս երեկո Կա՛մ Հալեպը մերը կլինի, կա՛մ մենք կպարտվենք»,- AFP գործակալությանն ասել է խռովարարների ղեկավարներից մեկը:
Ընդդիմադիրների խոսքով` հարձակմանը մի քանի հազար մարդ է մասնակցում, փոխանցում է Интерфакс-ը:
Այս օրը Սիրիայում դարձել է ամենաարյունալի օրը պայքարի սկզբից ի վեր: Սպանվել է 343 մարդ (նրանցից 199-ը` քաղաքացիական անձինք): Միայն Սիրիայի մայրաքաղաքում և դրա արվարձաններում սպանվել է ամենաքիչը 55 մարդ, հայտնում է Kursor-ը:
Հիշեցնենք, որ Սիրիայում մեկ տարուց ավելի շարունակվում է կառավարության և ընդդիմության հակամարտությունը: Երկրի ընդդիմությունը պահանջում է նախագահ Բաշար Ասադի հրաժարականը` կառավարական ուժերին մեղադրելով խաղաղ բնակչության նկատմամբ զանգվածային գազանությունների մեջ:
Պաշտոնական Դամասկոսը պնդում է, որ ժողովրդավարական կարգախոսների քողի ներքո երկրում գործում են «զինված ահաբեկիչների խմբավորումներ»: Հակամարտության ընթացքում, տարբեր տվյալներով, կյանքից զրկվել է 12-30 000 մարդ:










































