Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը սուր քննադատության է ենթարկել ԱՄՆ-ի կողմից կազմված՝ ահաբեկիչներին հովանավորող երկրների ցուցակը: Ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գերագույն ասամբլեայի նիստում՝ նախագահը հայտարարել է, որ «առաջինը, որը պետական ահաբեկչություն է իրականացնում, ԱՄՆ կառավարությունն է»:
Ինչպես հաղորդում է Rosbalt գործակալությունը, նրա խոսքերով՝ Վաշինգտոնը միջամտել է Լիբիայի իրադարձություններին՝ «նավթ ստանալու և ոչ թե Լիբիայի ժողովրդի համար»: Մորալեսը նաև նշել է, որ ԱՄՆ-ը ուշադրություն չի դարձնում Կուբայի նկատմամբ 50 տարի գործող առևտրատնտեսական էմբարգոն հանելու բազմաթիվ կոչերին:
Հիշեցնենք. սեպտեմբերի 16-ին Բոլիվիան և Վենեսուելան հերքեցին ԱՄՆ-ի այն հայտարարությունը, թե իրենք չեն պայքարում նարկոմաֆիայի դեմ: ԱՄՆ կազմած զեկույցում Բոլիվիան և Վենեսուելան հայտնվել էին այն երկրների ցուցակում, որտեղ թմրանյութերի վաճառքի դեմ պայքարը չափազանց ցածր մակարդակի վրա է գտնվում:









































