Իրանական Mehr News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը կարող է սահմանափակել մի շարք առանձնահատուկ ապրանքների ներկրումը, որոնք արտադրվում են նաև երկրում: Այս մասին հայտարարել է Իրանի առևտրի զարգացման կազմակերպության տնօրեն Կիյումարս Ֆաթհոլլահ Քերմանշահին:
Վերջինիս խոսքերով՝ այդ ապրանքների ներկրման սահմանափակման նպատակը հայրենական արտադրողներին աջակցելն է: Նա հավելել է, որ ներքին արտադրությանն աջակցելու համար անհրաժեշտ է ուսումնասիրել շուկայում տիրող իրավիճակը:
Ոչ վաղ անցյալում Իրանի Կենտրոնական բանկը բոլոր ոլորտներին հրահանգել է դոլարի պաշտոնական կուրսը պահել 12,260 ռիալի վրա՝ որոշակի տեսակի ապրանքների խմբերի ներկրման համար: Այդ ապրանքների մեջ են մտնում եղջերավոր անասունների միսն ու թռչնամիսը, եգիպտացորենը, գարին, կարագը, շաքարը, կաթի փոշին և այլն: Այլ ապրանքների ներկրողների համար դոլարը գնահատում են ավելի բարձր տոկոսադրույքով:









































