Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը սեպտեմբերի 26-ին հանդիպել է Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի Միջին և Արևելյան Եվրոպայի վարչության ղեկավար Երնսթ Հիլլեբրանդի և նույն հիմնադրամի Հարավկովկասյան տարածաշրջանային նախագծի համակարգող Միխաել Վայխերթի հետ: Հանդիպմանը ներկա է եղել հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչ Նաիրա Գևորգյանը:
Ողջունելով հյուրերին` Արտակ Զաքարյանը նշել է, որ Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամը բարձր հեղինակություն է վայելում Հայաստանում: Հանձնաժողովի նախագահը շնորհակալություն է հայտնել հիմնադրամի ներկայացուցիչներին հասարակական-քաղաքական շրջանակներում մեծ ներդրումներ կատարելու համար: Պարոն Զաքարյանը հույս է հայտնել, որ հիմնադրամը կհամագործակցի նաև իր ղեկավարած հանձնաժողովի հետ:
Անդրադառնալով արտաքին քաղաքականությանը` հանձնաժողովի նախագահը նկատել է, որ Հայաստանի եվրոպական ինտեգրումը մեր երկրի համար կարևորագույն քաղաքական նշանակություն ունեցող հարց է:
Հյուրի խնդրանքով Արտակ Զաքարյանը անդրադարձել է նաև տարածաշրջանային հիմնախնդիրներին:
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը պատրաստակամություն է հայտնել աջակցելու հիմնադրամի գործունեությանը:
Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի Միջին և Արևելյան Եվրոպայի վարչության ղեկավար Երնսթ Հիլլեբրանդը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և հիմնադրամի գործունեությունը բարձր գնահատելու համար:
ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ Արտակ Զաքարյանը տեղեկացրել է, որ պատրաստվում է մասնակցել և ելույթ ունենալ հիմնադրամի նախաձեռնած «Հայաստանի եվրոպական հեռանկարներ» թեմայով սեմինարին, որին ներկա է գտնվելու նաև Գերմանիայի Բունդեսթագի փոխնախագահը:
Քննարկվել է հիմնադրամի և հանձնաժողովի հետագա համագործակցությանն առնչվող այլ հարցեր ևս:







































