Սիրիայի Ռաբլեհ քաղաքում առևանգվել է մոտ 300 քրիստոնյա: Այս մասին հաղորդում է Վատիկանի ռադիոկայանը:
Զինված առևանգիչները երկուշաբթի օրը եկել են այգի, որտեղ քրիստոնյաները խնձոր էին հավաքում, և ուժով տարել են մոտ 150 մարդու, ներառյալ կանանց և երեխաների: Երեքշաբթի օրը նրանք նույն վայրից տարել են նույնքան քրիստոնյայի:
Սիրիայի կրոնական առաջնորդները ՄԱԿ-ին և ոչ կառավարական կազմակերպություններին կոչ են արել օգնել որոնողական աշխատանքներում և պաշտպանել քրիստոնյաներին:
Բացի այդ՝ ինչպես հաղորդում է ռադիոկայանը, ավելի քան 12 հազար փախստական, մեծ մասամբ քրիստոնյաներ, մի քանի շաբաթ շարունակ շրջափակման մեջ են եղել Ռաբլեհ քաղաքում ապստամբների կողմից, և միայն վերջերս է հնարավորություն ընձեռվել նրանց փոխանցել մթերք և դեղորայք:
Փորձագետների կարծիքով` քրիստոնյաներն ապստամբների կողմից կարող են օգտագործվել որպես գերիներ՝ սիրիական զինված հակամարտության շրջանակներում:









































