Սըր Փոլ Մակքարթնին հրատարակության է պատրաստել ֆիլմ-համերգ, որը նկարահանվել է Kisses On The Bottom ալբոմի հետքերով:
Ինչպես հաղորդվում է երաժիշտի կայքում, Live Kisses խորագրով ժապավենը նոյեմբերի 12-ին լույս կընծայվի DVD, Blu-Ray և Digital Video տարբերակով: Ֆիլմի ռեժիսորն է Յոնաս Ակերլունդը:
Live Kisses ֆիլմը նկարահանվել է 2012թ. փետրվարի 9-ին Լոս Անջելեսի Capitol Records ստուդիայում ու անմահացրել է Մակքարթնիի կենդանի կատարումը՝ նվագախմբի ուղեկցությամբ, որի ժամանակ նա կատարել է 20-րդ դարի առաջին կեսի 13 ջազային ու փոփ-ստանդարտներ իր վերջին ձայնասկավառակից:
Capitol ստուդիայում ելույթը հեռարձակվել է ուղիղ եթերում համացանցով ու դարձել է Kisses On The Bottom ձայնասկավառակի լույս ընծայման փրոմո-քարոզարշավի մի մասը:
Համերգին մասնակցել են Դայանա Քրոլը (դաշնամուր), Ջոն Քլեյթոնը (բաս), Քարիմ Ռիգգինսը (հարվածային գործիքներ), Ջոն Պիցարելլին (կիթառ), Էնթոնի Ուիլսոնը (կիթառ) և այլք:
Որպես հատուկ հյուրեր հրավիրվել էին Էյբ Լաբորիել-Կրտսերը՝ «Մակքարթնի» համերգային խմբից ու Eagles-ի կիթառահար Ջո Ուոլշը:










































