«Սյունիքը ամենաժողովրդավար մարզն է»,- այսօր նման տեսակետ հնչեցրեց ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ-ում 2011թ. բյուջեի կատարողականի ներկայացման ժամանակ:
«Չեմ ժխտի»,- պատասխանեց Սյունիքի փոխմարզպետ Արա Դոլունցը, ով ներկայացնում էր Սյունիքում բյուջեի միջոցներով կատարված աշխատանքների ընդհանուր պատկերը:
Փաշինյանը հետաքրքրվեց, թե ինչու մարզպետ Սուրեն Խաչատրյանն անձամբ չի ներկայացնում հաշվետվությունը: Ա. Դոլունցը պատասխանեց, որ Սյունիքում է Իրանի Արևելյան Ատրպատականի պատվիրակությունը, և մարզպետը նրանց հետ քննարկում է համաձայնագրերի իրականացման խնդիրները:
Պատգամավորը փոխմարզպետից փորձեց ճշտել՝ մարզում սկսվե՞լ են արդյոք Մեղրի ՀԷԿ-ի շինաշխատանքները, որոնց մեկնարկը 2012թ. բյուջեով նախատեսված էր այս տարվա հունիսի 15-ին: Ա. Դոլունցն այդպես էլ չպատասխանեց հարցին՝ պատճառաբանելով, որ դա իր լիազորությունների շրջանակում չէ, բայց պատրաստակամություն հայտնեց՝ եթե Փաշինյանը գրավոր դիմի իրենց, իրենք լիազոր մարմնից կճշտեն և կտեղեկացնեն պատգամավորին:
«Ես ինքս կճշտեմ լիազոր մարմնից և Ձեզ կտեղեկացնեմ»,- հակադարձեց Փաշինյանը: