Գերմանիայի արտգործնախարար Գվիդո Վեստերվելեն կոչ է արել, որ Ռուսաստանի, Ուկրաինայի ու Բելառուսի քաղաքացիները առանց վիզայի կարողանան այցելել Եվրամիության անդամ երկրներ, հաղորդում է DPA գործակալությունը: Գերմանիայի արտգործնախարարը նշել է, որ մուտքի արտոնագիր տրամադրելու համակարգում անհրաժեշտ է «հիմնարար թարմ սկիզբ»։
«Արեւելյան գործընկերության երկրների ու Ռուսաստանի քաղաքացիների համար տեղաշարժվելու իրավունքը ուժգին խթան կհանդիսանա Արեւելյան Եվրոպայի երկրների սոցիալ-տնտեսական զարգացման համար», – հայտարարել է Վեստերվելեն։ Գերմանիայի արտգործնախարարի ելույթի տեքստը նախօրոք տրամադրվել է մամուլին։ Նա ելույթ է ունենալու Բեռլինի համաժողովում, որի կազմակերպիչը Գյոթեի անվան միջազգային մշակութային գործակալությունն է։








































