Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդուլլահը մեկնարկ է տվել է Մեդինայի Մասջիդ Ալ-Նաբաուի մզկիթի ընդլայնման նախագծին: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով սաուդյան SPA լրատվական գործակալությանը: Նախատեսվում է, որ ընդլայնման արդյունքում մզկիթը կտեղավորի մինչև 1.6 մլն մարդ:
Թե ինչ ժամկետում կիրականացվի նախագիծը, հայտնի չէ, սակայն միայն նոր հողեր ձեռք բերելու համար կծախսվի շուրջ 6.6 մլն դոլար: Ինչպես հաղորդում է Al-Arabiya հեռուստաալիքը, նախագիծը կիրականացվի 3 փուլով: Նախատեսվում է, որ առաջին փուլի ավարտին մզկիթը կտեղավորի մինչև 800 հազար մարդ, նույնքան տեղ կավելանա երկրորդ փուլի ավարտից հետո:
Մասջիդ Ալ-Նաբաուի մզկիթը իսլամի երկրորդ սրբավայրն է Մեքքայի Մասջիդ Ալ-Հարամ մզկիթից հետո: Առաջին մզկիթը, որտեղ այժմ տեղակայված է Մասջիդ Ալ-Նաբաուին, կառուցվել է դեռ Մուհամմեդ մարգարեի օրոք՝ 622 թ.: Ժամանակի ընթացքում մզկիթի տարածքը մի քանի անգամ ընդլայնվել է, իսկ այժմ նրա մակերերսը կազմում է 400 հազար քառակուսի մետր: Մզկիթի տարածքում է գտնվում Մուհամմեդի գերեզմանը:
2012 թ. Սաուդյան Արաբիան սկսել էր ընդլայնել Մասջիդ Ալ-Հարամը: Այդ նախագիծը գնահատվում է 21.33 մլրդ դոլար: Ծրագրի ավարտից հետո մզկիթը կտեղավորի մինչև 1.5 մլն մարդ:









































