Տեքստ MySpace սոցիալական ցանցի սեփականատերերը հայտարարել են ռեսուրսի նոր տարբերակի մշակման մասին, որը կկառուցվի «0-ից»: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում անելով new.myspace.com-ին:
Մշակողները հայտարարել են, որ պորտալի նոր տարբերակը հավատարիմ կմնա իր արմատներին և նախկինի պես նախատեսված կլինի ստեղծագործ մարդկանց համար:
Նրանք ակնկալում են, որ նոր MySpace-ին կմիանան երաժիշտները, լուսանկարիչները, դիզայներները և ստեղծագործական ոլորտի այլ ներկայացուցիչներ:
Սեպտեմբերի 24-ին MySpace-ի համասեփականատեր, երաժիշտ և դերասան Ջասթին Թիբերլեքը իր միկրոբլոգում հրապարակել է սոցցանցի նոր տարբերակի տեսաներկայացման հղումը: Դրանում ցուցադրվում են պորտալի հիմնական հնարավորությունները:
Այսպիսով՝ էջի ստորին հատվածում մշտապես կգտնվի կառավարման պանելը, որի վրա, մասնավորապես, տեղակայված կլինեն չաթի, որոնման և աուդիոնվագարկչի կոճակները: Կարգավիճակների թարմացումները կդասավորվեն հորիզոնական, մինչդեռ մյուս ցանցերը կիրառում են նորությունների զետեղման ուղղահայաց մոդելը:
Թարմացված սոցցանցի գործարկման հստակ ժամկետ չի հաղորդվում:
MySpace-ը ստեղծվել է 2003 թվականին և հիմնականում կիրառվում է երաժիշտների շրջանակում: Մինչ 2008 թվականը ծառայությունը համացանցի ամենահայտնի ռեսուրսն էր, սակայն շուտով նրանից առաջ անցավ Facebook-ը: 2011 թվականին MySpace-ը գնել են Specific Media ընկերությունն ու Ջասթին Թիմբերլեյքը:









































