Այսօր` սեպտեմբերի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 00:10-ի սահմաններում «ՎԱԶ 2105» մակնիշի 55 ՕԼ 775 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Վահագնի թաղամասի մոտ` դեպի Երևան ընթանալիս, բախվել է հեղուկ գազալիցքավորման բեռնատար ավտոմեքենայի հետնամասին:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը shamshyan.com-ին հայտնել է, հարվածն այնքան ուժեղ էր եղել, որ ավտոմեքենան` առջևի մասից մինչև վարորդի նստատեղը, մխրճվել էր գազալիցքավորման ավտոմեքենայի տակ: Բարեբախտաբար, պայթյուն տեղի չի ունեցել, սակայն վարորդը տեղում մահացել է:
Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման կենտրոնի աշխատակիցները, հրշեջ-փրկարարական խումբը և հատուկ փրկարարական ջոկատը: Փրկարարները նախ ճոպանով «ՎԱԶ 2105»-ը դուրս բերեցին բեռնատարի տակից, իսկ հետո` հատուկ տեխնիկայի գործադրմամբ ավտոմեքենան մասնատեցին, այնուհետև` մահացածի դին դուրս են բերել ավտոմեքենայից:
Գ. Շամշյանը հայտնել է, որ դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակի աշխատակիցները` 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հրամանատար Արսեն Գրիգորյանի գլխավորությամբ, և 1-03 ծառայության թիվ 23 բրիգադան:
Դեպքի վայր է ժամանել նաև Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Նաիրիի քննչական բաժանմունքի քննիչը:
Գ. Շամշյանը հայտնել է, որ «ՎԱԶ 2105»-ը հաշվառված է Երևան քաղաքի Լենինգրադյան փողոց 48/5 շենքի բնակիչ Արտակ Վանյանի անվամբ: Այս պահին Ոստիկանությունը փորձում է պարզել մահացածի ինքնությունը:
Դեպքի վայրում հավաքվել են մեծ թվով հետաքրքրասեր քաղաքացիներ, ովքեր ավելի շատ խանգարել են փրկարարների աշխատանքին, իսկ ՃՈ աշխատակիցները մեծ դժվարությամբ են նրանց հեռացրել դեպքի վայրից:









































