Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում վերսկսվեց 2003 թ. Մատաղիսի զորամասում տեղի ունեցած սպանության գործի դատաքննությունը: Հիշեցնենք, որ 3 նախկին զինծառայողներ (Ռազմիկ Սարգսյան, Արայիկ Զարյան, Մուսա Սերոբյան) մեղադրվում են երկու ծառայակիցների` Ռոմա Եղիազարյանի և Հովսեփ Մկրտումյանի սպանության մեջ: Երեք տարուց ավելի կալանքի տակ գտնվելուց հետո Վճռաբեկ դատարանի որոշմամբ նրանք ազատ են արձակվել, և գործն ուղղարկվել էր նախաքննության: Սահմանադրական դատարանը սակայն ավելի ուշ որոշեց, որ Վճռաբեկը իրավունք չունի գործը լրացուցիչ քննության ուղարկելու: Եվ քանի որ մեղադրող կողմը իր դիրքորոշումը դատարանի վճռից հետո չի փոխել, ապա նորից երեքի նկատմամբ գործ է հարուցվել: Մեղադրյալները չեն ընդունում իրենց մեղքը: Տուժողի իրավահաջորդներից մեկի ենթադրությամբ, իրական մեղավորները զորամասի սպաներից են: Նիստում հարցաքննվել է Մատաղիսի ռազմական ոստիկանության հետաքննիչ Վահրամ Ավանեսյանը: Վերջինս, ըստ տուժողի իրավահաջորդի, 2003 թվականի դեկտեմբերի 31-ին հայտնել է իր որդու և մյուս տուժողի՝ զորամասում կամ ոստիկանությունում գտնվելու մասին: Մինչդեռ, ըստ գործի, նրանք սպանվել են դեկտեմբերի 26-ին: Մովսես Մկրտումյանը հիշում է, որ 2003 թվականի դեկտեմբերի 31-ին, անհանգստացած որդու բացակայությունից, փորձել է ճշտել նրա գտնվելու վայրը: Նրա խնդրանքով, Մատաղիս տանող երթուղային տաքսու վարորդ ոմն Սուրեն հեռախոսով կապվել է հետաքննիչ Վահրամ Ավանեսյանի հետ: «Վահրամ Ավանեսյանը դեկտեմբերի 31-ին հեռախոսով հայտնել է, որ երեխաները գտնվում են զորամասում: Տուժողի իրավահաջորդի մոտ տպավորվել է, որ խոսվել է իր երեխայի մասին: Տրամաբանական է, որ հարցրել է կոնկրետ իր երեխայի մասին և ոչ թե վերացական երկու հոգու: Հիմա վկան անուն չի նշում: Ասում է, որ ուրիշ երկու զինծառայողներ են եղել»,- համոզված է ամբաստանյալների շահերի պաշտպան Հայկ Ալումյանը: Սակայն վկան ժխտել է այս պնդումները: Հաջորդ դատական նիստը կլինի մարտի 17-ին:













































