Հայտնի Green Day ռոք խմբի երգիչ Բիլլի Ջո Արմսթրոնգը Լաս Վեգասում կայացած iHeartRadio փառատոնում իր խմբի ելույթի ժամանակ հունից դուրս է եկել, արտասանել է վիրավորական խոսքեր հանդիսատեսի և կազմակերպիչների հասցեին, կոտրել է կիթառը, ինչից հետո տեղափոխվել է հիվանդանոց:
Green Day-ի երգչին հունից հանել է էկրաններից մեկի գրությունը, որտեղ նշում էր, որ խմբի ելույթին մնացել է ընդամենը մեկ րոպե: Ամենայն հավանականությամբ երաժիշտը որոշել է, որ իր խումբը չի հասցնի ավարտել կատարումը, զայրացել է իր խմբի հանդեպ այդքան անարդար վերաբերմունքի համար: Որոշ տվյալների համաձայն՝ Green Day-ի ելույթը ընդհատվել է ռեփեր Աշերի ելույթի համար, որին հատկացված ժամանակը քիչ ավելի երկար էր:
«Ելույթի համար դուք ինձ ընդամենը մեկ րոպե ժամանա՞կ եք տալիս»,- գոռացել է 40-ամյա երաժիշտը: Ապա շարունակելով` նա սկսել է հայհոյել ու ասել. «Ես երաժշտությամբ եմ զբաղվում 1988 թ.: Եվ ինձ համար դուք ունեք ընդամենը մեկ րոպե ժամանակ: Թերևս դուք կատակում եք: Ես ձեզ համար հիմար Ջասթին Բիբերը չեմ, հիմարնե՛ր: Եկեք ես ձեզ ցույց կտամ ինչ է նշանակում գրողի տարած մեկ րոպեն»: Ասելով այս ամենը՝ նա կատաղության պահին կոտրել է կիթառը` ավելացնելով, որ շուտով կվերադառանա:
Սակայն ինչպես հետագայում պարզվեց, նա չկարողացավ կատարել իր խոստումը, քանի որ սեպտեմբերի 23-ին հիվանդանոց տեղափոխվեց նյարդային ցնցման պատճառով: Բիլլ Ջոն նյարդային խնդիրներ ունի, վերջին ժամանակներում կախվածություն է ձեռք բերել հանգստացնող հաբերից: Սակայն խմբի անդամները հայտարարել են, որ նա ամեն կերպ ձգտում է ազատվել դրանից, նրանք նաև ներողություն են խնդրել հանդիսատեսից և փառատոնի կազմակերպիչներից, ովքեր ոչ մի կերպ արժանի չէին այս վերաբերմունքին:









































