Թեև Կրթության և գիտության նախարարությունն արգելել է դպրոցներում դրամահավաքը, սակայն Երևանի Չեխովի անվան թիվ 55 դպրոցում այդ արգելքը չի գործում: Երեկ «Առաջին լրատվական»-ի խմբագրություն էին դիմել մի խումբ ծնողներ` բողոքելով այդ դպրոցում տիրող բարքերից: Ըստ այդմ՝ յուրաքանչյուր աշակերտից ֆոնդի համար ամսական հավաքում են 3500 դրամ: Մարտի 8-ի կամ նմանատիպ միջոցառումների համար պահանջում են 3000 դրամ: Բացի այդ, դպրոցում տեղադրվել են խմելու ջրի սարքեր, և ահա խմելու ջրի համար աշակերտներից պահանջում են ևս 200 դրամ: Երբ ծնողները տնօրեն Գայանե Սարուխանյանի մոտ բողոքել են դպրոցի բարքերից, վերջինս պարզապես խորհուրդ է տվել. «Ձեռ չի տալիս, երեխայիդ տար ուրիշ դպրոց… կարող եք փոխել դպրոցը», – ըստ ծնողներից մեկի փոխանցման, ասել է նա:











































