Սիրիահայերի նկատմամբ պետք է հյուրընկալ վերաբերմունք ցուցաբերել, որպեսզի մարդիկ այստեղից չփախչեն, և դա առաջին հերթին պետք է ցուցաբերվի հայ ժողովրդի կողմից: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը այսպիսի կոչով հանդես եկավ սփյուռքահայ գործարար Վահագն Հովնանյանը: Նա նշեց, որ կառավարությունն էլ պետք է արտոնություններ սահմանի, որպեսզի սիրիահայ գործարարները գան Հայաստան:
«Օրենքներում պետք է փոփոխություններ լինեն, որ մարդկանց համար բարի գործ արվի, և սիրիահայերը շունչ մը առնին այստեղ»,- ասաց նա:
Սփյուռքահայ գործարարը նաև հայաստանյան գործարարներին է կոչ անում աջակցել սիրիահայերին. «Պետք է այստեղի հարուստները հավաքվեն` մտածեն, թե ինչպես կըրնանք այս ժողովուրդին օգնել, որ այս ժողովուրդը չփախչի ուրիշ երկրներ: Ամենամեծ ուրախությունն ինձ համար այն էր, որ այս ժողովուրդը չփախավ և եկավ Հայաստան: Մենք պետք է մեր թևերը լայն բացած անոնց ընդունինք` առանց ածականներ տալու և առանց «ախբար» ըսելու»:
Հովնանյանը նշեց, որ ինքը ևս, որպես գործարար, պատրաստ է աջակցել սիրիահայերին` առաջարկելով նրանց աշխատատեղեր: Նա նկատեց, որ օրինակ` Գյումրիում պատրաստ է սիրիահայ գործարարներին տարածքներ տրամադրել:
«Այսօր սփյուռքի նախարարությունից ստացանք հասցեներ, թե ուր կապրին սիրիահայերը, բայց աշխատանք փնտրողների ցանկ չենք ստացել դեռ: Ես կառաջարկեմ ատաղձագործի և քարշարի աշխատանք. կարող է` իմ առաջարկած մասնագիտությունների տեր անձինք չկան, դրա համար չեն ուղարկել»,- նշեց նա:
«Մենք խոսել ենք ժողովուրդի հետ, բայց դեռ իրենք չեն որոշել, չգիտեն` պիտի վերադառնա՞ն, թե՞ ոչ: Իրենք վստահություն են փնտրում, որ կարող են այստեղ գործ սկսել: Դա մեզնից է կախված, պետք չէ ամեն ինչ կառավարության վրա դնել: Ժողովուրդն էլ պետք է հյուրընկալ լինի. մենք, որպես ժողովուրդ, չենք անում մեր պարտականությունները»,- ասաց Հովնանյանը:










































