Իրանցի բժիշկ-վնասվածքաբան և հոգեբան Մաջիդ Աբհարիի կարծիքով՝ Թեհրանը ընտանեկան բռնությունների առումով առաջատար է երկրի մյուս քաղաքների շարքում: Դրա պաճառը մայրաքաղաքին կից շրջանների մեծ թվաքանակն է,ինչպես նաև այնտեղ բնակվող մեծաթիվ փախստականները, որոնք ներկայացնում են տարբեր մշակույթներ: Բացի այդ՝ մեծ թվով ընտանեկան սպանություններ են տեղի ունենում սոցիալ-տնտեսական խնդիրների պատճառով, ինչպիսին է օրինակ՝ թմրամոլությունը, աղքատությունը, գործազրկությունը, հոգեկան խանգարումները և այլն:
Նման հանցագործությունների 65 տոկոսը տեղի է ունենում ինքնաբուխ, և ցավոք, դրանք գերակշռում են մյուս սպանությունների թվում: Ընտանեկան սպանությունների գլխավոր գործոններից մեկը հադիսանում է ընտանիքում երրորդ անձի ի հայտ գալը: Այսպիսով՝ ամուսինների 87 տոկոսի սպանությունները կախված են կողմնակի տղամարդկանց ի հայտ գալու հետ: Նրանք խաբեությամբ ստիպում են կանանց դիմել հանցագործության:
Որպես մյուս պատճառ Աբհարին նշել է շատ ամուսնական զույգերի մոտ առկա զզվանքը: Ամուսինն ու կինը հաճախ են փոխադարձ զզվանք, նույնիսկ ատելություն զգում, սակայն շարունակում են ապրել կողք կողքի՝ չցանկանալով խախտել սոցիալ-բարոյական նորմերը: Արդյունքում ՝ նրանից մեկը մի օր անհանդուրժողականություն է դրսևորում և սպանություն իրագործում:
Որպես ընտանեկան սպանությունների նախադրյալ բժիշկը համարում է չափազանց դյուրագրգիռ լինելը և հույզերը կառավարելու ունակության բացակայությունը: Աբհարիի խոսքով՝ կրթական համակարգը, ԶԼՄ-ները, ընտանիքը և հասարակությունը բավականաչափ ուշադրություն չեն դարձնում մարդկանց հուզական զսպվածության դաստիարակմանը: Կանանց սպանությունների 85 տոկոսը տեղի են ունենում տղամարդկանց ծայրաստիճան զգացմունքայնության պատճառով: Շահադիտական ամուսնությունների տարածմանը զուգահեռ, ընտանեկան սպանությունների թիվն ավելանում է:
Իսկ ահա Մեշհեդ, Թավրիզ և Կարաջ քաղաքներում սպանությունները, Թեհրանի հետ համեմատած, քիչ են: Այնտեղ ընտանեկան սպանությունների հիմնական պատճառը մշակութային ցածր մակարակն է և կողմնակի անձանց կողմից ամուսնական զույգի կյանքին միջամտությունը:
Աբհարին նշում է, որ ընտանեկան սպանությունների ցածր վիճակագրություն է դրսևորվում Լուրիստան, Սիստան, Բելուջիստան և Հորմոզգան նահանգներում, որտեղ կրոնական զգամունքները և սոցիալական արժեքները մեծապես տարածված են, իսկ ծնողները ակտիվորեն մասնակցում են հարսնացուի կամ փեսացուի ընտրությանը: Վիճակագրությունը փաստում է, որ ընտանեկան սպանությունների 95 տոկոսը տեղի է ունենում այն ընտանիքներում, որոնք կազմավորվել են երիտասարդների սեփական նախաձեռնությամբ:
Մասնագետը բացասաբար է գնահատել Իրանում արևմտյան արբանյակային հեռուստաալիքների տարածումը, որոնք իրենց անբարոյականությամբ խարխլում են ընտանեկան կապերն ու նպաստում ընտանեկան սպանությունների աճին:











































