Կիրակի Աթենքի Կորիդալոս շրջանում գտնվող հունական ամենամեծ բանտում անկարգություններ են տեղի ունեցել: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն`հղում անելով հունական ԶԼՄ-ներին:
Ըստ տեղեկությունների` երեք կորպուսների բանտարկյալները հրաժարվել են զբոսանքից հետո վերադառնալ իրենց խցերը, հրդեհել են անկողնային ստիպակեղենը և հագուստները, ճաղավանդակներից դեպի փողոց քարեր են նետել: Ներկայում «ընդվզում» է միան մեկ կորպուսը, որն իրավապահները շրջափակել են:
Ոստիկանության վարկածով` անկարգությունները կարող են հրահրած լինել մուսուլման բանտարկյալները` կապված համացանցում հայտնված «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմի հետ: Մյուս վարկածի համաձայն` բանտարկյալներն այդ կերպ իրենց բողոքն են հայտնել բանտային վատ պայմանների, մասնավորապես նեղ խցերի դեմ:
Կիրակի ավելի վաղ ոստիկանությունը 40 ցուցարարի էր ձերբակալել, որոնք փորձել են Աթենքում մոտենալ ԱՄՆ դեսպանատանը` իրենց բողոքն արտահայտելու Մուհամմեդ մարգարեին ծաղրող ֆիլմի դեմ: Անկարգությունների հետևանքով կոտրվել էին մի շարք խանութների ցուցափեղկերը, ոստիկանությունը գործի էր դրել արցունքաբեր գազ:











































