Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հույս ունի լավացնել արևմուտքի հետ հարաբերությունները խորհրդարանական ընտրություններից հետո:
Նա այս մասին հայտարարել է Մինսկում՝ ընտրական տեղամասում, ուր նա եկել էր քվեարկելու իր որդու՝ Նիկոլայի հետ:
«Ես հույս ունեմ, որ ամեն ինչ լավ կանցնի: Սակայն ընտրություններն արևմուտքի համար չեն անցկացվում, և դրանց գլխավոր հեղինակը բելառուս ժողովուրդն է»,- ասել է Լուկաշենկոն:
Բելառուսի նախագահի խոսքերով՝ «եթե այս անգամ էլ ինչ-որ մեկը կասկածի ընտրությունների արդարության վրա, ապա ես չգիտեմ, թե ուրիշ ինչ կերպ պետք է այն անցկացնել»:
«Թող նախանձեն, թե ինչպես են մեզ մոտ անցկացվում ընտրությունները: Ձանձրալի և հանգիստ է. սա ժողովրդի համար երջանկություն է: Մեզ հեղափոխություններ, պայթյուններ, հակամարտություններ հարկավոր չեն»,- ավելացրել է Ալեքսանդր Լուկաշենկոն:









































