Գերմանիայի ընդդիմությունը քննադատում է կառավարությանը` Սաուդյան Արաբիային «Լեոպարդ 2» տանկեր վաճառելու պատճառով: Այս մասին հաղորդում է RBK-ն: Գործարքը կարող է գերմանական պաշտպանական արդյունաբերությանը բերել միլիարդների պայմանագիր:
Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ, արտաքին քաղաքականության հարցերով փորձագետ Ռոլֆ Մյուտցենիխը հայտարարել է, որ այդ գործարքը հակասում է զենքի արտահանման գործող կանոններին: Ի դեպ, գերմանական «Լեոպարդ 2» տանկը ներկայում համարվում է իր դասի մեջ լավագույնը:
Ինչպես նշել է փորձագետը, համաձայն այդ կանոնների` ռազմական տեխնիկա կարելի է վաճառել միայն այն երկրներին, որոնցում այն կնպաստի խաղաղության և մարդու իրավունքների պաշտպանությանը. «Սաուդյան Արաբիայում այդ տանկերը բացարձակապես չեն ծառայի այդ նպատակներին»:
Նրա խոսքով` դաշնային կառավարությունը իր վերջին զեկույցում անձամբ է մատնանշել, որ Սաուդյան Արաբիայում իրավապաշտպանները հետապնդվում են, խոսքի ազատությունը` ճնշվում, իսկ կանայք զրկված են բազմաթիվ իրավունքներից: Մյուտցենիխի խոսքով` այդպիսով գերժամանակակից տանկերի մատակարարումները դատապարտելի են ոչ միայն օրենսդրորեն, այլև բարոյական տեսանկյունից:
Անցած շաբաթ Գերմանիայի պաշտպանության նախարարը հաստատել է Սաուդյան Արաբիայի տանկերի մատակարարման ծրագրերը: Անվտանգության դաշնային խորհրդում շուտով քննարկում տեղի կունենա այն թեմայով, թե ինչպես կարող են այդ մատակարարումներն ազդել տարածաշրջանային կայունության վրա:









































