Այսօր Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի երկրորդ հերթի շատ ուսանողներ չէին պատրաստվում դասի նստել: Պատճառը ուսանողների սակավությունն էր. շրջաններում ապրող ուսանողների մեծամասնությունը փակ ճանապարհների պատճառով չի կարողացել գալ դասի:
Համալսարանի միջանցքներում դասախոսները բարկացած միմյանց տեղեկացնում էին, որ բոլոր բացակա ուսանողներին բացականեր և զրո միավորներ նշանակեն: «Առաջին լրատվականին» տված հարցազրույցում համալսարանի դասախաոսներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ նշեց, որ այժմ ներքին գործերից և Ճանապարհային ոստիկանությունից ճշտում են` արդյոք ճանապարհները փակ են:
«Եթե մեզ այդ մասին տեղեկացնեն, ապա այդ ուսանողների բացակաները և զրո միավորները կհամարվեն հարգելի»,-ասաց նա: Չնայած համալսարանի դասասենյակները դատարկ էին, համալսարանի աշխատակազմի ղեկավար Նելսոն Ներսիսյանը ոչ մի կերպ չէր ընդունում այդ փաստը:
Նա հերքեց նաև երեկ հրապարակված այն տեղեկությունը, թե այսօր համալսարանում դաս չի լինելու:
«Դա հերյուրանք է, նպատակ ունեն վարկաբեկելու համալսարանի բարի համբավը և հեղինակության վրա ցեխ շպրտելու: Մենք քաղաքի դատախազին էլ գրել ենք, որ դա սադրանք է, և խնդրում ենք մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկել և հերքում տպագրել»,-ասաց Նելսոն Ներսիսյանը: